Մատչելի հղումներ

Վերլուծաբան. Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը


Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:

Քաղաքական իշխանության փոխանցումը մեկ գործչից մյուսին չափազանց կարևոր գործընթաց է երկրի քաղաքական կյանքում, ասում է քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:

Սանամյանի կարծիքով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրմամբ իշխող քաղաքական ուժը փորձում է նախագահի պաշտոնում նշանակել քաղաքական համակարգից դուրս գործչին՝ օգտագործելով այդ հանգամանքը միջազգային ասպարեզում և ներքաղաքական պայքարում:

Սանամյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով է զբաղեցնելու ապագա վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվելու են նոր վարչապետի լիազորությունները: Քաղաքագետն առաջ է քաշել զարգուցումների երկու հավանական տարբերակ:

«Կարծում եմ այս պահին կա հավանական երկու սցենար. ըստ առաջինի՝ Սերժ Սարգսյանը ինքն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ երկրորդով՝ չի դառնում վարչապետ, սակայն շարունակում է ազդել կառավարության որոշումների վրա իր կողմից նշանակված վարչապետի միջոցով և որպես իշխող կուսակցության ղեկավար»,- նշում է Սանամյանը:

Նրա կարծիքով նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք երկրում գրանցվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ: Վարչակազմը չկարողացավ առաջընթաց գրանցել արտաքին քաղաքական մի շարք հարցերի ներառյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Որպես ձեռքբերում Սանամյանն ընդգծում է Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի որոշակի ժողովրդավարացումը: Սակայն այն պահպանելուհամար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է իրականացնել իշխանության փոխանցում:

«Եթե Սերժ Սարգսյանը որոշի մնալ երկրի ղեկավար արդեն որպես վարչապետ և դրժի իր խոստումը, դա բացասաբար կազդի նրա թողած ժառանգության վրա»,- ասում է Սանամյանը:

Արտաքին քաղաքական խնդիրների հետ մեկտեղ, մարտահրավերների շարքում քաղաքագետն առանձնացնում է երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Այս հարցում նրա հետ համահունչ է մեկ այլ վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:

«Ես մտահոգված եմ Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակով և շարունակվող արտագաղթով: Այս խնդիրները նոր չեն: Բացի այդ առկա են հարևան Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները, որոնց կարգավորումը ցավոք ձախողվեց Ադրբեջանի պատճառով»,- ասում է նախկին դեսպանը:

Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը անդրադարձավ Եվրամիության հետ Հայաստանի պայմանագրի ստորագրմանը, որն, ըստ նրա, կարող է ունենալ դրական տնտեսական հետևանքներ:

«Ես անհանգստանում էի, որ այն կարող էր չստորագրվել, քանի որ Ռուսաստանը կրկին կարգելափակեր դրա ստորագրումը, սակայն ուրախ եմ, որ Հայաստանը ոչ միայն ստորագրեց համաձայնագիրն, այլ նաև աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- ասում է Կազլյարիչը:

Ըստ Կազլյարիչի, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը բխում է տարածաշրջանի և մանավանդ Հայաստանի շահերից, քանի որ դրա միջոցով Հայաստանը ընդգրկվում է ավելի շահավետ տնտեսական դաշտում, համեմատած Եվրասիական միությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG