Մատչելի հղումներ

Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը պատրաստվում են քրդերի դեմ ռազմական գործողությունների


Թուրքիայի աջակցությունը վայելող Ազատ Սիրիայի բանակ անվանումը կրող ուժերի հրամանատարներն ասում են, թե շարունակելու են ռազմական գործողություններ Աֆրինում, չնայած այն հանգամանքին, որ այս հատվածներում են տեղակայվել Սիրիայի կառավարական ուժերը։ ՝՝Ռոյթըրս՛՛ լրատվական գործակալության տրամադրած տեսագրությունները ցույց են տալիս Ազատ Սիրիայի բանակի զինյալներին, որոնք նախապատրաստվում են մարտերին։

Հիշեցնենք, որ Թուրքիան էր Աֆրինի դեմ սկսել ռազմական հինգշաբաթյա գործողություններ՝ նպատակ ունենալով այստեղից դուրս մղել քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներին։ Այս խմբավորումը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չունի նման մոտեցում։ Թուրքիային իրականում մտահոգում է Սիրիայի տարածքում քրդական ինքնավարություն հաստատելու եւ այդ միտումը դեպի իր տարածք տարածվելու հնարավորությունը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Աֆրին է հասել տեղահանված 5Օ հազար անձանց համար մարդասիրական օգնություն տեղափոխող մի ավտոշարասյուն։ Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպության թվիթերյան էջում ցուցադրվում է շարասյան մուտքն Աֆրին ու Հալեպի Թոլ Ռիֆաթի շրջան։ 29 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը տեղ է հասցրել 43Օ տոննա սննդամթերք, ամենօրյա առաջին անհրաժեշտության պարագաներ, ջրազտիչ սարքեր, դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ։ Կազմակերպության խոսնակը հերքել է շարասյունը ռմբակոծության տակ հայտնվելու մասին լուրերը։

ՄԱԿ-ի տվյալներով Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում մոտ 3Օ հազար մարդ է տարհանվել դեպի Աֆրին։ Բնակչության 3Օ տոկոսն այստեղ տեղահանված անձինք են։

Facebook Forum

XS
SM
MD
LG