Չինաստանը կարող է վերացնել նախագահի ժամկետի սահմանափակումները, որը կարող է գործող նախագահ Սի Ծինփինին դարձնել Չինաստանի ցմահ ղեկավար: Դրա վերաբերյալ արձագանքները հակասական են:
«Այս որոշումն անակնկալի բերեց հանրությանը, ուստի մարդիկ տարակուսած են ու անորոշ»,- ասում է Չինաստանի քաղաքացի Դինգը:
«Ես կաջակցեի փոփոխությունը, եթե բոլորը համաձայնեն, որ գործող նախագահ Սի Ծինփինը խոհեմ և ճիշտ քաղաքականություն է վարում»,- ասում է մեկ այլ Չինաստանի քաղաքացի պարոն Գանը:
Միացյալ Նահանգների արձագանքն այս առիթով սպասվածից ավելի չեզոք էր։
Սպիտակ տունն ընդգծել է, որ դա Պեկինի ներքին գործն է։ Պետքարտուղարությունն էլ դիվանագիտորեն է արձագանքել:
«Մենք համուզված ենք, որ ուժեղ հաստատություններն անհատներից ավելի կարեւոր են։ Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական կառավարման համակարգի խրախուսումը մեր արտաքին քաղաքականության կարևոր մասն են և կայուն, անվտանգ ու աշխատունակ հասարակության հիմնասյունը»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:
Նախօրեին նախագահ Թրամփն ընդգծել էր Չինաստանի նախագահի ներդրումը Հյուսիսային Կորեայի հարցում:
«Կարծում եմ նախագահ Ծինփինը յուրահատուկ գործիչ է: Նա մեզ օգնում է Հյուսիսային Կորեայի հարցում»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Սակայն վերլուծաբաններն արձանագրում են, որ այս միջոցով ԱՄՆ-ը հեռանում է Չինաստանի նկատմամբ իր ավանդական քաղաքականությունից, որը հիմնված էր Չինաստանում ժողովրդավարության զարգացման խրախուսման վրա:
«Չեմ կարծում որ նախագահ Թրամփը պետք է բացեիբաց քննադատի Չինաստանին, սակայն գտնում եմ, որ պետք է փորձել արտահայտել այս քայլի հանդեպ քննադատական վերաբերմունք՝ խուսափելով չինաստանի նախագահի անձի քննադատությունից»,-նշում է Քրիսթին Վորմուֆն Ատլանտյան խորհրդից:
Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր նախագահ Թրամփը բարյացակամ վերաբերմունք է որդեգրել ավտորիտար առաջնորդների նկատմամբ ՝ հաճախ խուսափելով քննադատել նրանց։
Սակայն Չինաստանի հետ հարաբերություններում առաջնային խնդիրը շարունակում է մնալ առևտրային հարաբերությունները, որոնք զգալի ազդեցություն ունեն երկրների միջև հարաբերությունների վրա:
Facebook Forum