Դեյվիդ և Լուիզա Թուրփինների գործով արձանագրվել են նոր զարգացումներ: Մեղադրական կողմը դեռևս չի բացահայտում բոլոր մանրամասները:
«Գործի մեջ եղել են փոփոխություններ երեք կետերում: Յուրաքանչյուր ծնողի նկատմամբ նոր մեղադրանքներ են առաջ քաշվել: Եվս մեկ մեղադրանք առանձին առաջ է քաշվել Լուիզա Թուրփինի դեմ: Նախկին մեղադրանքներն ամուսինների դեմ մնում են ուժի մեջ»,- ասում է մեղադրող կողմի ներկայացուցիչը:
Այսպիսով յուրաքանչյուր մեղադրյալի դեմ առաջ է քաշվել մոտ 40 մեղադրանք: Պաշտպանական կողմը հրաժարվել է տրամադրել որևէ մեկնաբանություն այս առիթով:
Հետաքննության տվյալներով ծնողները տանջել են իրենց 13 երեխաներին՝ զրկելով նրանց սննդից ու լոգանքից, պահելով փակի տակ անմարդկային պայմաններում կամ շղթայելով նրանց մահճակալներից: Այս ամենի մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ Թուրփինների դստրերից մեկին հաջողվել է փախչել և հայտնել ոստիկանությանն այս ամենի մասին:
Պատմությունը ցնցել է Կալիֆոռնիայի Փերիս քաղաքը, ուր բնակվում էր ընտանիքը: Քաղաքի բնակիչներից Քերոլ Անդերսը, ով ներկա էր դատական նիստին, արձանագրում է, որ չի նկատել որևէ զղջում ամուսինների վարքագծում:
«Կինը ժպտում էր, ճոճվում նստած տեղը, իսկ ամուսինը չէր շրջվում»,- ասում է Անդերսը:
Թուրփինների երեխաներն այժմ վերականգնվում են: Դատարանն արգելել է ծնողների որևէ տեսակի շփում երեխաների հետ: Մասնագետներն ասում են, որ երեխաների վերականգնողական բուժմանը նպաստում է երաժշտությունը:
Ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում տուժած երեխաներին ու օգնություն ցուցաբերում նրանց: Շուրջ կես միլիոն դոլար է հանգանակվել նրանց համար ստեղծված հատուկ հիմնադրամում:
Հիշեցնենք նաև, որ Դեյվիդ և Լուիզա Թուրփինները չեն ճանաչում իրենց մեղավոր: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին:
Facebook Forum