Մատչելի հղումներ

Ռուսաստանը հերքում է իր նկատմամբ մեղադրանքները արևելյան Ղութայի հարցում


Ռուսաստանը հերքում է արևելյան Ղութայում խաղաղ բնակչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ իրեն ուղղված մեղադրանքները: Այս օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ի վերջո ընդունել է Սիրիայում զինադադարի վերկանգնման մասին բանաձև:

Վերջին օրերին Սիրիայում կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները, ներառյալ Ռուսաստանը, ռազմական գործողություններ են ձեռնարկել ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող արևելյան Ղութայի շրջանի ուղղությամբ: Գործողություններն ուղեկցվում էին զանգվածային ռմբակոծություններով, ինչի արդյունքում կա ավելի քան 400 զոհ խաղաղ բնակչության շրջանում, ներառյալ երեխաներ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շաբաթ օրն ընդունել է բանաձև, որով պահանջում է հակամարտող կողմերին դադարեցնել բռնությունն ու վերականգնել զինադադարը: Բանաձևի ընդունումը ձգձվել էր Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քննադատել է Ռուսաստանի նման գործելաոճը: Դրա մասին է հաղորդում Polygraph.info

«Այս ամենից հետո բանաձևի տեքստում շատ քիչ բան է փոխվել, բացառությամբ մի քանի բառերի և ստորակետերի: Սիրիայի ժողովուրդը չպետք է զոհվի միայն նրա համար, որ ռուսական կողմը սպասում է համապատասխան հանձնարարականների Մոսկվայից կամ ցանկանում է քննարկել դրանք Սիրիայի հետ»,- հայտարարել է դեսպան Հեյլին:

Ռուսական կողմի արձագանքը ներակայացրել է դեսպան Նեբենզիան։

«Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է օգտագործվի կասկածելի լեգիտիմության աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար: Սրանով է այժմ զբաղված Միացյալ Նահանգները Սիրիայում»,- արձագանքել է դեսպան Նեբենզիան:

Հիշեցնենք, որ արևելյան Ղութայում իրավիճակի ապակայունացման մեջ Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին: Նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի գործողությունները գնահատել է «խայտառակ»:

«Պետք է ասեմ, որ այն, ինչ վերջերս արել են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան մարդասիրական առումով խայտառակություն է»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արևելյան Ղութայի ռմբակոծումները որակել է «կոտորած», իսկ Եվրամիությունը՝ կոչ արել Աստանայի գործընթացի պատասխանատու երկրներին՝ Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային, անմիջապես միջոցներ ձեռնարկել զինադադարի վերականգման ուղղությամբ:

Մոսկվան իր հերթին հերքել է մեղադրանքները՝ ընդգծելով, որ սիրիական կառավարական ուժերի գործողություններն ուղղված էին ընդդեմ արևելյան Ղութայում կենտրոնացած ահաբեկիչների:

«Իրավիճակը Սիրիայում մտահոգիչ է: Դուք գիտեք, որ Սիրիայի արևելքում ահաբեկիչները չեն հանձվում և այնտեղ գերության մեջ են պահում տեղի բնակչությանը: Դա սրել է իրավիճակը»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Ռուսական կողմը նաև հերքում է մի շարք լրատվամիջոցների պնդումը, որ արևելյան Ղութայում բնակչության դեմ կիրառվել է քիմիական զենք՝ չբացառելով, սակայն, որ այն կարող էր օգտագործվել ահաբեկիչների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG