Մատչելի հղումներ

Իսրայելն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ հաջողությամբ փորձարկել են հակահրթիռային համակարգը, որը պետք է պաշտպանի Իսրայելին հեռահար հրթիռների հարձակումից: Arrow 3 տեսակի համակարգի փորձարկումն անցկացվեց Իրանի նոր 2000 կիլոմետր հեռահարության հրթիռի ցուցադրումից օրեր անց:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձարկել են Arrow 3 տեսակի հակահրթիռային համակարգը, որը նախատեսված է հեռահար հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար:

Միևնույն ժամանակ վերջերս ռազմական շքերթի ժամանակ Իրանը ցուցադրել է «Ղադր» անվանումը կրող 2000 կիլոմետր հեռահարության հրթիռը՝ չնայած ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ճնշումների դադարեցնելու հրթիռային ծրագրի զարգացումը:

Վերլուծաբանների կարծիքով Իսրայելում նոր հակահրթիռային համակարգի փորձարկումը կապված է իրանական նոր հեռահար հրթիռների ցուցադրման հետ: Իսրայելցի փորձագետները գտնում են, որ Իսրայելը կարող է արժանի պատասխան տալ իրանական յուրաքանչյուր ագրեսիայի:

«Ես կարծում եմ, որ եթե հայտարարվի պատերազմ, մենք կարող ենք հրթիռակոծել Իրանն այնպես, որ այն այլևս կարող չլինի շարունակել պատերազմը»,- ասում է Մոսադի նախկին ղեկավար Եֆրեյմ Հալևը։

Իսրայելի նախկին ազգային անվտանգության խորհրդական Յակով Ամիդրորն իր հերթին գտնում է, որ Իսրայելը պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի ընդդեմ Իրանի, անգամ եթե դրանք բերեն պատասխան գործողությունների Լիբանանում Իրանի դաշնակից «Հեզբոլահ» շարժման կողմից, որն, ըստ Ամիդրորի, ղեկավարվում է Թեհրանից:

Սակայն Իրանի դեմ գործողությունների գաղափարն ունի նաև հակառակորդներ: Իսրայելի հրթիռային պաշտպանության կազմակերպության հիմնադիր Ուզի Ռուբինը գտնում է, որ նման գործողությունները վտանգավոր են և կապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում, ուր նշմարվում է որոշակի առաջընթաց Իսրայելի և իր հարևան արաբական երկրների հարաբերություններում:

«Իրանի հրթիռային սպառնալիքը ստեղծել է շատ անսովոր մի իրավիճակ՝ միավորելով սունի արաբներին ու Իսրայել։ Ստեղծել են Իսրայելի ու արաբական այլ երկրների միջև համագործակցության հիմքեր»,- ասում է Ռուբինը:

Հիշեցնենք, որ Իսրայելը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է արգելել Իրանի հեռահար հրթիռային ծրագրի զարգացումն ու կոշտացնել 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմանները:

Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է, իսկ հրթիռային ծրագիրը կրում է պաշտպանական բնույթ և բանակցման ենթակա չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG