Մատչելի հղումներ

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու փաստաթուղթ


Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևեր: Կողմ են քվեարկել պատգամավորների մեծ մասը:

Ինչպես տեղեկացնում են մամուլի միջոցները, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև:

Առաջին փաստաթուղթն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը «ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Ընդունված մյուս փաստաթուղթը կոչ է անում Նեդիրլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին ապրիլին այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար:

Վերոհիշյալ երկու օրենսդրական նախաձեռնույունները ներկայացրել է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վուրդևինդը: Բանաձևերին կողմ են քվեարկել 142 պատգամավորներ, դեմ է հանմդես եկել խորհրդարանական մեկ խմբակցույուն, որի երեք պատգամավորները ազգությամբ թուրքեր էին:

Նախկինում, դեռևս 2004 թվականի դեկտեմբերին Թվիդ Քամերն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով կառավարությանը կոչ էր անում հանդես գալ Ցեղասպանության ճանաչման դիրքերից և Թուրքիայի հետ հարաբերություններում մշտապես բարձրացնել այս հարցը: Այն ժամանակ ևս նախագիծը ներկայացվել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից և արժանացել ձայների ճնշող մեծամասնությանը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Նիդերլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի նախարարներին մասնակցել ի աջակցություն նախագահ Էրդողանի սահմանադրական բարեփոխումների փաթեթների՝ Նիդերլանդներում կազմակերպված հանրահավաքներին: Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից, իսկ հարաբերությունները երկու երկրների միջև շարանակում են մնալ լարված:

Վերջերս Թուրքիայի արտգործնախարարությունն իր մոտ է հրավիրել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Վեսթրեյթին, ում հայտնել է իր դժգոհությունները Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում հայտնած Հայոց ցեղասպանության բանաձևերի կապակցույամբ:

Սպասվում է, որ ընդունված փաստաթղթերն է՛լ ավելի կսրի թուրք-նիդերլանդական հարաբերությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG