Մատչելի հղումներ

Թեհրանում արձանագրվել են բախումներ սուֆիների ու ոստիկանության միջև


Թեհրանում տեղի են ունեցել բախումներ իրավապահների ու սուֆի մահմեդականների միջև: Հինգ ոստիկաններ զոհվել են: Ձերբակալվել են ավելի քան 300 բողոքի ցույցի մասնակիցներ:

Իրանի իշխանությունները տեղեկացնում են, որ անվտանգության ուժերի առնվազն 5 աշխատակիցներ զոհվել են ոստիկանության և սուֆի մահմեդականների միջև Թեհրանում օրերս տեղի ունեցած բախումների ընթացքում: Այս առիթով ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար:

Ոստիկաններից երեքը զոհվել են փետրվարի 19-ի բախումների ընթացքում, երբ, ինչպես երևում է տեսանյութում, ոստիկանների շարքերի մեջ մխրճվել է ավտոբուս:

Հիշեցնենք, որ Իրանի Գոնաբադի քաղաքից սուֆի մահմեդականները, որոնք հայտնի են նաև դերվիշներ անունով, բողոքի ցույց էին կազմակերպել Թեհրանում ընդդեմ սուֆի մահմեդականներից մեկի ձերբակալության և սուֆիների 90 ամյա առաջնորդ Նուրալի Թաբանդեի տան շուրջ ոստիկանության անվտագության անցակետերի ստեղծման: Դերվիշները մտավախություն ունեն, որ իրավապահները ցանկանում են ձերբակալել իրենց առաջնորդին:

Բողոքի ցույցը վերածվեց բախումների այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձեց կանխել սուֆիների քայլերթը դեպի Թաբանդեհի առանձնատուն: Սա առաջին բախման դեպքը չէ սուֆի մահմեդականների ու իրավապահների միջև: Նմանատիպ բախումներ են գրանցվել 2006 և 2007 թվականներին:

Սուֆիզմը մահմեդական ուսմունք է, որը մերժում է որևէ նյութական դրսևորում: Այն արգելված չէ Իրանում, սակայն կրոնական այս համայնքի հետևորդներն իսլամական իշխանությունների կողմից դիտարկվում են որպես հերետիկոսներ և որոշ աղբյուրների համաձայն ենթարկվում ճնշումների:

Պաշտոնական վիճակագրությունն Իրանում սուֆիների քանակի վերաբերյալ բացակայում է: Որոշ աղբյուրների համաձայն նրանց թվաքանակը կարող հասնել մինչև 5 միլիոնի: Սուֆիզմի հետևորդներ ապրում են նաև այլ երկրներում, ներառյալ Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում, Թուրքիայում և Հնդկաստանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG