Մատչելի հղումներ

Ցեղասպանության 10 փուլերը՝ Հայոց ցեղասպանության օրինակով


«Ցեղասպանություն իրականացնող մարդիկ միշտ ունեն իրենց դրդապատճառները՝ մաքրել հասարակությունը դավաճաններից, քրեական տարրերից կամ այլախոհներից», - ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին աշխատակից Գրեգորի Սթանթոնը ցեղասպանության վերլուծության մեր օրերի լավագույն մասնագետներից է:

Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանում Հայոց ցեղասպանության, Հրեական ողջակիզման օրինակով Սթանթոնը ներկայացրել է ցեղասպանության 10 փուլը, քայլեր, որոնք զուգակցում են ցանկացած ցեղասպանության: Գրեգորի Սթանթոնի յուրաքանչյուր բառն ակնհայտորեն արձագանքում էր հավաքվածների սրտներում:

Առաջին փուլը հասարակության դասակարգումն է էթնիկ, ռասայական կամ կրոնական հատկանիշներով: Երկրորդ փուլում հասարակության առանձնացված խավը դարձնում են որոշ գաղափարների խորհրդանիշ, այնուհետեւ՝ դրա նկատմամբ խտրականություն կիրառում: Չորրորդ փուլում արդեն իսկ հետապնդվող այդ խմբին մյուսների աչքերում զրկում են մարդկային հատկություններից՝ անվանելով նրանց ուտիճ, ախտ կամ դավաճաններ:

«Սպանողներն իրականում զոհին որպես լիարժեք մարդ չեն դիտարկում: Ավելի շուտ դիտարկում են նրանց որպես մոծակներ, այնպես որ սեփական գործողություններն էլ իրականում որպես սպանություն չեն դիտարկում այլ՝ որպես ոչնչացում: Հենց այդ պատճառով Լեմկինը որոշեց նոր եզր ստեղծել՝ ցեղասպանություն՝ տեսակի բնաջնջում»:

Հինգերորդ փուլում ցեղասպանությունը կազմակերպվում է պետության ղեկավարների կողմից, որից հետո վեցերորդ փուլում հասարակությունը բեւեռացվում է: Յոթերորդ փուլում ցեղասպանությունը ղեկավարներն արդեն միմյանց հետ դավադրության մեջ են մտնում, իսկ ութերորդ փուլում ցեղասպանությանը դատապարտված խմբին հալածանքների են ենթարկում, բռնագրավում նրանց ունեցվածքն ու սրբությունները: Իներորդ փուլը ցեղասպանության բուն իրականացման սարսափելի փուլն է, սակայն այն վերջինը չէ: Ցեղասպանության վերջին փուլը՝ դրա ժխտումն է.

«Դա տեղի է ունենում յուրաքանչյուր ցեղասպանությունից հետո՝ այն իրականացրած մարդիկ ժխտում են, որ իրականացրել են այն: Դա հաճախ հակասում է նրանց ազգային պատվին: Հենց դա է Թուրքիայի ժխտողականության քաղաքականության սրտում՝ նրանք չեն ճանաչում, որ այսօրվա Թուրքիայի ստեղծման մասն է նաեւ մեկ եւ կես միլիոնից ավելի հայերի, քրիստոնյաների սպանությունը»:

Իր դասախոսության վերջում Գրեգորի Սթանթոնը խորհուրդ տվեց ուսանողներին չհիասթափվել մարդ արարածում: Իրենք ուսանողները, պատրաստ են սեփական, ավելի լավ ապագան կառուցել, պատմում է միջոցառման նախաձեռնող հայ իրավաբան ուսանողների միության անդամ Շուշի Հովհաննիսյանը.

«Կարծում եմ, որպեսզի վերջ գա բոլոր վատ արարքներին աշխարհում, պետք է մենք միշտ ուշադիր լինենք եւ պետք է հասկանանք, ինչ է կատարվում, եւ դա սկսվում է ուսումից»:

Ինչ վերաբերում է ապագային, ապա Գրեգորի Սթանթոնի կարծիքով Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ճշմարտությունը երբեք չի կարելի զոհաբերել:

Facebook Forum

XS
SM
MD
LG