Մատչելի հղումներ

Հրաբուխների ակտիվությամբ ռեկորդակիր երկիր համարվող Ինդոնեզիայի Սումատրա կղզում կրկին ժայթքել է Սինաբունգ հրաբուխը:

Երկուշաբթի օրը Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը՝ արտանետելով ծխի հսկայական ամպեր և ավելի քան 5 հազար մետր բարձրութամբ մոխրի սյուն:

Աղետների կանխարգելման ազգային գործակալության հաղորդմամբ՝ առավոտյան ժայթքած հրաբուխի արդյունքում վնասվածքներ կամ մահացություններ չեն գրանցվել:

Հրաբխի լեռանը հարակից 7 կիլոմետր շառավիղ ունեցող վտանգի գոտին բնակելի տարածք չի համարվում, սակայն հրաբխի մոխիրը ծածկել է վտանգի գոտու հարևանությամբ գտնվող հարյուրից ավելի տները: Վերջին տարիներին շուրջ 30 հազար մարդ ստիպված է եղել տեղափոխվել այս տարածքից:

Սինաբունգ հրաբուխը քնած վիճակում է գտնվել շուրջ 400 տարի: Վերջին անգամ այն ժայթքել էր 2010-ին՝ դառնալով երկու մարդու մահվան պատճառ: 2013 թվականից այն գտնվում է ակտիվ վիճակում: 2014 թվականին գրանցված ժայթքման հետևանքով մահացել էր՝ 16, իսկ 2016-ին՝ ևս 7 մարդ:

Ինդոնեզիայում են գտնվում ամենամեծ թվով հրաբուխները՝ ընդհանուր առմամբ 130 հրաբուխ, ինչը պայմանավորված է կղզու աշխարհագրական դիրքով և սեյսմիկ ակտիվությամբ:

Ինդոնեզիայի երեք հրաբուխները ներկայումս գտնվում են ակտիվ վիճակում:

XS
SM
MD
LG