Մատչելի հղումներ

ԵՄ-ը պատրաստ է օգնել Սիրիային, եթե Ասադը մասնակցի բանակցություններին


Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիությունը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիային օգնություն ցուցաբերելու հարցում՝ կապելով դա ՄԱԿ-ի բանակցային գործընթացի հետ:

Եվրամիությունը պատրաստ է օգնել հավաքել գումարներ Սիրիայում վերակառուցման համար, եթե Ռուսաստանից ստանա հավաստիացում, որ իր դաշնակից Բաշար ալ Ասադը կմասնակցի ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններին: Դրա մասին է խոսել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Վերջինս նաև կոչ է արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և փորձել հասնել համաձայնության:

«Մենք չենք տեսնում ՄԱԿ-ի բանակցություններին որևէ այլընտրանք: Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ժնև: Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն օժանդակելու ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացին: Դա է Եվրամիության ու նրա անդամ երկրների պարզ ու միասնական դիրքորոշումը»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Եվրամիությունը ձեռնամուխ է եղել աշխուժացնելու իր գործունեությունը Սիրիայի վերակառուցման նպատակով միջազգային օգնության տրամադրման հարցում՝ հույս ունենալով, որ այս միջոցով հնարավոր կլինի հասնել ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի բանակցությունների վերսկսմանը:

Ըստ Մոգերինիի, ապրիլի 24-25-ին Բրյուսելում նախատեսված է անցկացնել Սիրիայի հարցով միջազգային համաժողով, որը Եվրամիությունը ցանկանում է օգտագործել նաև Սիրիայի վերակառուցման նպատակով օգնություն հավաքագրելու համար:

«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք օգտագործել համաժողովը միջոցներ մոբիլիզացնելու համար, հատկապես Դաեշ-ից ազատագրված հատվածներում: Սակայն մեզ անհրաժեշտ է տեսնել որոշ դրական միտումներ, որոնք ցավոք այսօր չկան: Եվ դա մեզ անհանգստացնում է»,- ասում է Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավարը:

Մոգերինին հույս ունի, որ համաժողովը առաջընթաց կգրանցի ինչպես Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման, այնպես էլ Սիրիային միջազգային օգնություն ցուցաբերելու հարցերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG