Մատչելի հղումներ

Ֆլորիդայի հարավում գտնվող դպրոցներից մեկում տեղի ունեցած սպանդի կապակցությամբ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 19 ամյա պատանուն: Զանգվածային սպանդի զոհ է գնացել 17 մարդ:

19-ամյա Նիքոլաս Քրուզը մեղադրվում է Մայամի քաղաքից ավելի քան 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի Մերջորի Սթոնմեն Դուգլաս բարձրագույն դպրոցում զանգվածային սպանդ իրականացնելու մեջ, որի արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ:

Վերջինս զինված է եղել AR-15 տիպի ինքնաձիգով, սակայն ձերբակալման պահին որևէ դիմադրություն չի ցուցաբերել ոստիկանությանը: Ձերբակալման պահը տեսանկարել է ականատեսներից մեկը: Հայտնի է, որ նախկինում Քրուզը հեռացվել էր այդ նույն դպրոցից կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով:

«Նիքոլաս Քրոզը մարդասպան է: Նա ձերբակալված է: Հետաքննությունն այժմ ուսումնասիրում է նրա սոցցանցերի էջերն ու կայքերը, որտեղ որոշ մտահոգիչ նյութեր են հայտնաբերվել»,- հայտարարել է Բրովարդի շրջանի ոստիկանապետ Սքոթ Իսրաելը:

Նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքնել է դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին:

«Մեր վարչակազմը սերտորեն աշխատում է տեղական մարմինների հետ՝ այս գործը հետաքննելու և ամեն ինչ բացահայտելու համար: Մենք պատրաստ ենք աշխատել նահանգային ու տեղական իշխանությունների հետ՝ օգնելու ապահովել մեր դպրոցների անվտանգությունը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթն էլ իր հերթին հայտարարել է.

«Ես այսօր խոսել եմ աղջկաս հետ և համոզված եմ ամեն մի ծնող նույնը կանի, քանի որ ցանկանում ենք հասկանալ՝ արդյո՞ք մեր երեխաները հաճախում են անվտանգ դպրոցներ: Ես գիտեմ, որ մեր իրավապահներն անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն յուրաքանչյուր երեխայի անվտանգությունը մեր նահանգում: Այս ամեն ինչից պետք է դասեր քաղենք՝ վստահ լինելու համար, որ նման բան չի կրկնվի»,- նշել է նահանգապետ Սքոթը:

Ֆլորիդայի իշխանությունները տեղեկացրել են, որ նահանգը կհոգա տուժածների ու զոհերի ընտանիքների բոլոր ծախսերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG