Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն որոշեց նոր մարզախորհրդատվական առաքելություն հաստատել Իրաքում


ՆԱՏՕ-ն որոշեց նոր մարզախորհրդատվական առաքելություն հաստատել Իրաքում
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը եկան համաձայնության Իրաքում մարզախորհրդատվական առաքելություն հաստատելու շուրջ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այս շաբաթ ավելի վաղ նա արդեն հանդես էր եկել իսլամիստ ծայրահեղական ԴԱԵՇ խմբավորման դեմ ավելին անելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչն աջակցող հայտարարությամբ։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով չորեքշաբթի սկսված հանդիպման առաջին օրն ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը, որը կոչ էր անում դաշինքի անդամ երկրներին ավելացնել պաշտպանության բյուջեն։

Հինգշաբթի օրը, մինչեւ նախարարների մակարդակով հանդիպումը, Մեթիսը հանդիպում է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Նուրեթթին Չանիքլըի հետ ու հորդորել, որ Թուրքիան հավատարիմ մնա Սիրիայում ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամներ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերջերս սրվել են Սիրիայի քաղաքացիական պատերազմում իրար հակասող շահերի պատճառով։

Վաշինգտոնը ջանքերը կենտրոնացրել է ջիհադիստներին պարտության մատնելու գործողությունների վրա, Թուրքիան, նպատակ ունենալով խոչընդոտել Սիրիայում ինքնավարություն հաստատելու քրդերի ջանքերը, անցյալ ամիս ռազմական ներխուժում իրականացրեց Սիրիա՝ ընդդեմ քրդաբնակ Աֆրինի շրջանի, այստեղից Քրդական ինքնապաշտպանական միավորումներին դուրս մղելու համար։

Թուրքիան մտահոգ է այն հանգամանքով, որ Սիրիայում ինքնավարություն հաստատելուց հետո քրդերը նման պայքար կսկսեն իր տարածքում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին՝ Իրաքի քրդերին զենք ու զինամթերք տրամադրելու մեջ։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե ՝՝սադրելով թուրքերին՝ ամերիկացիները շարունակում են Իրաքի տարածքով քրդերին ուղարկել նոր զենքեր՛՛։ Նրա խոսքերով, ՝՝որպես դրա հետեւանք է Թուրքիան շարունակում ռազմական գործողությունները Սիրիայի Աֆրինի շրջանում՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG