Մատչելի հղումներ

Կոնգրեսում լսումների ընթացքում ԱՄՆ-ի վեց հատուկ ծառայությունների ղեկավարները միաձայն են. Ռուսաստանը կրկին համաձայնեցված գրոհ է իրականացնում ամերիկյան ժողովրդավարության դեմ՝ փորձելով միջամտել նոյեմբերի Կոնգրեսի ընտրություններին:

«Մենք պետք է տեղեկացնենք մեր հասարակությանը, որ սա իրականում տեղի է ունենալու եւ մենք պետք է միասին հակազդենք դրան, թույլ չտանք, որ ինչ-որ ռուս մեզ ասի, թե ինչպես քվեարկել, ինչպես կառավարել մեր երկիրը: Կարծում եմ, սա համաժողովրդական շարժում պետք է լինի», - հայտարարել է Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոաթսը:

Սենատի դեմոկրատ անդամները միանշանակ չհամաձայնեցին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով անցած ընտրություններին ռուսական միջամտությունը «կեղծիք» է համարում: Դեմոկրատների կարծիքով, այդ մոտեցումը խանգարում է նման միջամտության դեմ ռազմավարություն մշակել:

«Նախագահը շարունակում է հերքել վտանգը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի ընդլայնում, նույնիսկ մտահոգություն չունի այդ մասին, մինչդեռ այս վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է ողջ կառավարության ուշադրությունը», - նշում է դեմոկրատ սենատոր Մարք Ուորները:

Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Փոմփեոն փորձեց ի պատասխան պաշտպանել Թրամփի վարչակազմի քաղաքականությունը.

«Ուկրաինային պաշտպանական զենքի տրամադրումը, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների դեմ մեր քայլերը, Վենեսուելայի դեմ մեր պատժամիջոցները՝ այս ամենը Ռուսաստանի շահերի դեմ էր»:

Լսումների ընթացքում թե՛ դեմոկրատ եւ թե՛ հանրապետական սենատորները կոչ արեցին բոլոր մակարդակի գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին ապահովել նոյեմբերի նախատեսված ընտրությունների անձեռնմխելիությունն ու հակազդել տարածվող ապատեղեկատվությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG