Օրերս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Լսումները նվիրված էին այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է ԱՄՆ-ի անվտանգությունը:
Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ըստ ամերիկյան հետախուզության ղեկավարի հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կարող է դրդել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերի խուսափումը փոխզիջումներից, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի շարունակական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերումները շարունակում են վտանգ ներկայացնել 2018 թվականին լայնածավալ բախումների համար»:
Ղարաբաղյան հիմնախնդրի մասին խոսելիս հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված լինելը կարող է ունենալ թե՛ դրական և թե՛ բացասական պատճառներ: Դրականը կարող է լինել այն, որ ընտրության օրվա փոփոխությամբ նախագահ Ալիևը ցանկանում է վստահության քվե ստանալ խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար, սակայն կարող է լինել նաև բացասական պատճառ, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշում է դեսպան Կազլյարիչը:
Նա չափազանց մտահոգիչ է համարում առկա իրավիճակը՝ հակամարտության գոտում ռազմական հնարավոր բախումների վերսկսման տեսանկյունից:
«Կարծում եմ մենք վտանգավոր փուլում ենք: Հուսամ այս ընտրությոնները լավ հնարվորություն կստեղծեն առաջ շարժվելու համար, սակայն չափազանց մտահոգված եմ դիվանագիտական շփումների բացակայությամբ, քանի որ արտգործնախարարների հանդիպումները ներառյալ Մինսկի խմբի համանախագահների հետ դեռևս բավարար չեն առաջ շարժվելու համար»,- ասում է Կազլյարիչը:
Վերլուծաբանը համամիտ է հետախուզության տնօրենի գնահատականի հետ՝ ռազմական ներուժի չափից դուրս կուտակման վտանգի մասին՝ ընդգծելով, որ հակամարտության կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:
Facebook Forum