Մատչելի հղումներ

Արդյո՞ք ԱՄՆ-ը Սիրիայում հաստատում է այլընտրանքային կառավարություն


Արդյո՞ք ԱՄՆ-ը Սիրիայում հաստատում է այլընտրանքային կառավարություն
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշակը փետրվաի 1Օ-ին մեղադրեց ԱՄՆ-ին, իր խոսքերով ասած, Սիրիայում ինքնակառավարման խորհուրդներ ստեղծելու մեջ, ինչի նպատակը, ասաց նա, այստեղ ամերիկյան ռազմական ներկայությունն ամրապնդելն է ու նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելը։

Իրականում ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական ներկայություն ունի բացառապես այն տարածքում, որը կոչվում է Հյուսիսային Սիրիայի Ժողովրդավարական Դաշնություն։ Այն հաստատել են Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունն ու նրա դաշնակիցները։ Երբ սկսվեց պատերազմը Սիրիայում, Բաշար ալ Ասադի կառավարությունն իր ուժերը դուրս բերեց այս տարածքներից, եւ այս կուսակցությունը 2Օ12 թվականից սկսեց հիմնել տեղական ինքնակառավարման խորհուրդներ։ Այստեղ գտնվող քաղաքների բնակչության անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունն ընկավ քուրդ զինյալների վրա, ինչը այս շրջանին տվեց փաստացի ինքնավարության կարգավիճակ։

2Օ13 թվականին Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունն այստեղ հիմնեց դաշինք՝ այն անվանելով Շարժում՝ հանուն ժողովրդավարական հասարակության։ 2Օ14 թվականին քրդերի վերահսկողության տակ գտնվող երեք շրջանները հռչակեցին ինքնավարություն՝ այն անվանելով Ռոջավա, ինչը քրդերեն նշանակում է Արեւմուտք։ Սահմանադրություն ընդունելուց հետո 2Օ16 թվականին, հենվելով այն փաստի վրա, որ այստեղ բացի քրդերից ապրում են նաեւ արաբներ, Ռոջավան անվանվեց Հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական դաշնություն։

Միացյալ Նահանգները չի կազմակերպել կամ ուղղորդել քրդական ուժերի որեւէ գործունեություն, չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը պատերազմի սկզբից ի վեր ցանկանում էր Դամասկոսում տեսնել կառավարության փոփոխություն։ Թրամփի վարչակազմը նախկինում կարծես հետ կանգնեց այդ դիրքորոշումից, բայց կարծես թե վերադարձավ այդ դիրքորոշմանը ապրիլ ամսին այստեղ իրականացված քիմիական հարձակումից հետո։

Այսինքն՝ որեւէ կերպ չի կարելի ասել, որ քրդերի քաղաքական կազմակերպվածությունն Ասադին տապալելու նպատակ ունեցող ամերիկյան դավադրություն էր կամ գործարք։

Ի դեպ, հենց իրենք՝ ռուսները ցույց են տվել, որ դրականորեն են մոտենում ինքնավարություն հաստատելու քրդերի ցանկությանը։ Դա արտահայտվեց նաեւ Աստանայում անցկացված խաղաղության բանակցությունների ժամանակ, երբ Ռուսաստանի պատվիրակությունն առաջարկեց ընդունել Սիրիայի համար նոր սահմանադրություն, որն ընդգրկում էր Սիրիայի քրդական ինքնավարության մասին կետ։

Հիշեցնենք, որ ռուսներն Աֆրինում ունեին ռազմական դիտորդներ։ Եվ հունվար ամսին, մոռանալով քրդերի ինքնավարության մասին իրենց պահանջը, հեռացան այստեղից, որից հետո թուրքերն Աֆրինում սկսեցին ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի։

Facebook Forum

XS
SM
MD
LG