ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հանդես եկավ ազգային աղոթք-նախաճաշի ժամանակ, որը թվով 66-րդ ամենամյա միջոցառումն էր։ Ազգային աղոթք-նախաճաշն էկումենիկ հավաքույթ է, որին ամեն տարի ներկա է գտնվում մի քանի հազար մարդ աշխարհի տարբեր հատվածներից։
Դոնալդ Թրամփն իր ելույթում ասաց, որ այս երկրի Անկախության հռչակագրում հիմնադիր հայրերը չորս անգամ նշել են Աստծո անունը։ Նա հիշեցրեց, որ ամերիկյան դոլարի վրա գրված են ՝՝Աստծուն ենք մենք վստահում՛՛ բառերը, ու հայտարարեց, ՝՝Մենք մի ժողովուրդ ենք՝ Աստծո առջեւ՛՛։
Սակայն գաղտնիք չէ, որ Թրամփի նկատմամբ տարբեր ուղղություններով շատ են մեղադրանքները։ Մինչեւ նախագահի պաշտոնում նրա ընտրվելը մեծաթիվ ավետարանականներ էին ասում, որ իրենց մտահոգում են սեռական պահվածքում նրա դեմ առկա մեղադրանքները։
Սակայն Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Դայան Ուինսթոնը բացատրում է, թե ինչու են այսօր ավելի մեծաթիվ հավատացյալներ մի կողմ դնում Թրամփի նկատմամբ իրենց նախկին զայրույթը։
՝՝Նա պաշտպանում է նրանց սոցիալական ու քաղաքական պահանջների գլխավոր մասը։ Նրա կեցվածքը գուցե բարոյական հիմքեր չունի, սակայն բարոյական է նրա օրակարգը՛՛, ասում է նա։
Արհեստական վիժեցումների դեմ նրա որդեգրած դիրքը, Գերագույն դատարանում պահպանողական դատախազներ նշանակելու փաստը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը բավարար են, որ ավետարանականներն աջակցեն Թրամփին։
CBN քրիստոնեական հեռուստաալիքի մեկնաբաններից Ջենա Բրաուդերը կարուծում է, որ Թրամփը ավետարանականներին ցույց է տվել, որ չնայած իր վարքագիծը նրանք գուցե չհավանեն, ինքն այնուամենայնիվ պաշտպանում է նրանց շահերը։
Թրամփն իր խոսքն ուղղեց նաեւ մահմեդականներին ու այլ կրոնների հետեւորդներին։ Բայց ավետարանական քրիստոնյաներն իհարկե մնում են այս նախագահի ամենաջերմ աջակիցները։
1953 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք սկսված ամենամայա Ազգային աղոթք-նախաճաշերի ժամանակ ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ի բոլոր նախագահներն՝ առանց բացառության։
Facebook Forum