Հյուսիսային Կորեան չի բանակցի ԱՄՆ-ի հետ Օլիմպիական խաղերի ընթացքում:
Դրա մասին է հայտնում հյուսիսկորեական պետական լրատվամիջոցը՝ վերացնելով արթնացած բոլոր այն հույսերը, որ Փհենյանի մասնակցությունն Օլիմպիական խաղերին կարող է մեղմացնել Փհենյան-Վաշինգտոն հարաբերություններում լարվածությունը:
Իսկ այդ ընթացքում Հարավային Կորեա են ժամանել նախ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն, իսկ այնուհետև մեկ օր անց՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունն՝ առաջնորդ Կիմ Ջոն Ընի քրոջ գլխավորությամբ: Այլ առաջնորդներ ևս ներկա կգտնվեն խաղերին:
Չնայած կողմերից որևէ մեկը չի դիմել հանդիպման խնդրանքով՝ փոխնախագահ Փենսը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպման Փհենյանի հետ:
Սակայն չորեքշաբթի օրը իր խոսքում փոխնախագահը Փհենյանը որակել է որպես աշխարհի ամենաբռնակալ վարչակարգը և խոստացել տնտեսական ավելի ծանր ու ագրեսիվ պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ:
«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, քանի դեռ այն մեկընդմիշտ չի հրաժարվել իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրից»,- հայտարարել է փոխնախագահ Փենսը:
Հարավային Կորեան իր հերթին ավելի մեղմ մոտեցում է որդեգրել այս հարցում:
Երկրի նախագահ Մուն Ջայ Ինը շաբաթ օրը նախատեսում է հանդիպել Փհենյանի պատվիրակության հետ իր նստավայրում: Դա առաջին անգամն է, երբ Կիմի ընտանիքի որևէ անդամ մուտք կգործի Հարավային Կորեայի նախագահի նստավայր:
Facebook Forum