Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է անցկացնել զինվորական մեծ շքերթ


ԱՄՆ-ը պատրաստվում է անցկացնել զինվորական մեծ շքերթ
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի հուլիսին ներկա գտնվեց Փարիզում Բաստիլի առման կապակցությամբ ամենամյա զինվորական շքերթին, շատ տպավորվեց ու որոշեց, որ ԱՄՆ-ը նույնպես ունի նման շքերթների կարիք։ Նա հրահանգեց պաշտպանության նախարարությանը սկսել կազմակերպչական աշխատանքներ։

Ու եթե պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասում է, թե ՝՝Այս առաջարկով հանդես գալու պատճառը զինված ուժերի նկատմամբ նախագահի հարգանքն է ու սերը՛՛, այլոք ասում են, թե այն ինքնագոհության ու մեծամտության դրսեւորում է։
ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող գեներալ մայոր Փոլ Իթընի խոսքերով, օրինակ, խոսքն այստեղ զորքերի մասին չէ։ ՝՝Խոսքը գլխավոր հրամանատարի եսասիրությունը բավարարելու մասին է՛՛, ասում է նա։

Զինվորական մեծ շքերթները շատ հազվադեպ են Միացյալ Նահանգներում։ Վերջին նման շքերթն անցկացվել էր 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմում հաղթանակից հետո։

ԱՄՆ-ում զինվորական շքերթները երբեմն համարում են բռնակալություններին հարիր միջոցառումներ։ Պատճառը հավանաբար Հյուսիսային Կորեայում անցկացվող հսկա զորահանդեսներն են, մի քանի տասնամյակ Խորհրդային Միությունում անցկացված շքերթները։ Նրանք նույն կերպ են նայում նաեւ Թրամփի պատվին անցյալ տարի անցկացված շքերթին։

Իսկ պաշտոնաթող գեներալ մայորը գտնում է, որ ամերիկյան զորքերն ունեն կատարելու այլ, ավելի կարեւոր գործ։ ՝՝Այսօր, երբ շարունակվում է պատերազմն Աֆղանստանում, երբ Իրաքն ավերված վիճակում է, այսօր, երբ լարված վիճակ է Հյուսիսային Կորեայի հետ, զորքերը պարզապես չպիտի ունենան ժամանակ շքերթների համար։ Այնպես որ, շքերթ անցկացնելը լավ միտք չէ՛՛։

Չնայած Սենատում վերջերս դժվարությամբ ընդունվեց զինված ուժերի բյուջեն ու նման թանկ միջոցառում անցկացնելու համար բյուջեի հատկացումը շատ ավելի դժվար ուղի կարող է անցնել, բոլորն արդեն գիտեն, որ նախագահ Թրամփը չի սիրում հետ կանգնել իր մտադրություններից։

XS
SM
MD
LG