Մատչելի հղումներ

Սոբչակը Պուտինի իրավահաջոր՞դ


Վաշինգտոնում ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ Պուտինը չի ցանկանում հավերժ ղեկավարել երկիրը՝ կանխատեսելով, որ ՌԴ նախագահը հենց նրան է վստահելու իշխող վարչակարգից դեպի ժողովրդավարություն հարթ անցում կատարելու ճանապարհին:​

«Ես ներկայացնում եմ Ռուսաստանի լիբերալ-ազատական փոքրամասնությանը, որը չի ընդունում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, փետրվարի 6-ին ունեցած իր ելույթի ընթացքում:

Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ և Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրը՝ Քսենիա Սոբչակը նշել է նաև, որ թեև Պուտինին ճանաչում է մանկուց՝ չի ընդունում այն «ինչ նա է անում», ինչպես նաև՝ չի աջակցում Պուտինի համախոհ իր մորը՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավոր` Լյուդմիլա Նարուսովային:

Չնայած Ռուսաստանի իշխանամետ հեռուստաընկերությունների կողմից Սոբչակի հասցեին հաճախ հնչող սուր և թշնամական քննադատությանը, Սոբչակը Ռուսաստանում թերևս միակ ինքնահռչակ ընդդիմադիր գործիչն է, ում այդ նույն պուտինամետ իշխանական հեռուսաընկերությունները եթերաժամ են տրամադրում:

Մյուս ընդդիմադիր գործիչներին, հանձինս՝ Կրեմլի սուր քննադատ և ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու, ոչ միայն հեռուստաեթեր չեն տրամադրում, այլ նաև չեն արտոնում մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Սոբչակը վստահ է, որ չունի հաղթելու հնարավորություն մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում, բայց կարծում է, որ «փողոցային ցույցերը» արյունալի հեղափոխությունների պատմություն ունեցող Ռուսաստանում ունակ չեն ոչինիչ փոխելու: Քսենիայի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է նախապատրաստվի 2024-ի ընտրությունների, երբ իրակաում հնարավոր կլինի հասնել սահուն իշխանափոխության:

«Polygraph.info»-ի հարցին, թե ինչպես է հաստատվել մարտի նախագահական ընտրություններին նրա գրանցումը՝ Սոբչակը չի ժխտել, որ նախապես ստացել է Պուտինի թույլտվությունը, բայց և ավելացրել է, որ Վլադիմիր Պուտինը չի երիտասարդանում: Սա նրա իշխանության վերջին վեց տարիներն են և նա իշխանափոխության անվտանգ տարբերակ է փնտրում, որը նրան անձեռնմխելիություն կապահովի թոշակի անցնելուց հետո»:

Հարցազրույցի վերջում Սոբչակը նշել է նաև, որ Պուտինը գիտակցաբար ցանկանում է Ռուսաստանը դեպի ժողովրդավարություն տանել և հաշվի առնելով, որ ի տարբերություն մյուս ընդդիմադիր առաջնորդների՝Պուտինը իրենից ամենաքիչն է վախենում, Քսենիա Սոբչակը վստահ է, որ հենց իրեն կհաջողվի «փոխըմբռնման» գալ Պուտինի հետ իշխող վարչակարգից դեպի ժողովրդավարություն հարթ անցում կատարելու ճանապարհին:

Նշենք, որ ռուսաստանյան և արևմտյան բազմաթիվ փորձագետներ չեն կիսում Սոբչակի կարծիքն ու համոզմունքները՝ վստահ լինելով, որ Պուտինը իշխանությունից հեռանալու մտադրություն չունի:

Ավելին՝որոշ վերլուծաբաններ գտնում են, որ առաջիկա 6 տարիներին Ռուսաստանը ավելի կմեկուսացվի Արևմուտքից և քաղաքակիրթ աշխարհից: Ոմանք էլ համոզված են, որ Պուտինը իսկապես պատրաստվում է բարեփոխումների, որոնք սակայն կապահովեն վերջին 18 տարիների ընթացքում նրա կառուցած համակարգի կայուն շարունակությունը:

XS
SM
MD
LG