Մատչելի հղումներ

Մնուչին. Վարչակազմն իր ներդրումն ունի ֆինանսական շուկայի 30 տոկոսանոց աճի հարցում


Ասիական, եվրոպական և ամերիկյան ֆինանսական շուկաները շարունակում են մնալ անկայուն: Դժվար կանխատեսելի ցուցանիշները հաճախ գրանցում են կտրուկ տատանումներ:

Արդեն մեկ տարի է, ինչ համաշխարհային բորսաներում գրանցվում է աճ: Շատերը սպասում են մոտ ապագայում ֆինանսական շուկայի անկում, որն անհրաժեշտ է այստեղ հավասարակշռություն պահպանելու համար:

«Շուկան չի կարող հավերժ աճել: Չափազանց կանխատեսելի է, որ վերջին 13 ամիսների ընթացքում շուրջ 30 տոկոս գրանցած աճը կկանգնի»,- նշում է փորձագետ Մակ Հեմրիքը:

Ներդրումների գծով մասնագետ Ջեյմս Մաքբրայդն էլ, իր հերթին, ընդգծում է, որ ֆինանսական շուկան օրերս արձագանքեց ամերիկյան աշխատանքային շուկայի վերաբերյալ զեկույցին, որն արձանագրում է ԱՄՆ-ում աշխատավարձերի աճ:

«Աշխատավարձերի աճ վաղուց չէր գրանցվել: Եվ դա շուկայում ստեղծեց մի ընկալում, որ կգրանցվի բարձր սղաճ և Կենտրոնական բանկը կբարձրացնի տոկոսադրույքները»,- ասում է Մաքբրայթը:

Փորձագետ Ալթան Էրգունն էլ իր հերթին կոչ է անում չգերագնահատել մարդկային գործոնը ֆինանսական շուկաների կտրուկ տատանումների հարցում և դրանք կապում բորսաներում առքուվաճառք իրականացնող համակարգչային ծրագրերի հետ, որոնք կնքում են գործարքների մեծ մասը:

Մեկ այլ կարծիքի համաձայն էլ այս տատանումները որոշակի դրական հնարավորություններ են ստեղծում բաժնետոմսերի առքուվաճառքով զբաղվողների համար:

Թրամփի վարչակազմը, ում օրոք ֆինանսական շուկան աճել է, պնդում է, որ այս աճը գրանցվել է վարչակազմի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում:

«Կրկին նշեմ, որ վարչակազմն ունի իր ներդրումն ընտրություններից ի վեր շուկայում գրանցված 30 տոկոսանոց աճի հարցում»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Սակայն տնտեսագետները միշտ չէ, որ համակարծիք են նախարարի հետ՝ ընդգծելով, որ բաժնետոմսերի շուկան դեռևս ամբողջ տնտեսությունը չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG