Մարում են այն հույսերը, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն ուղիներ կգտնի լուծելու համար անչափահաս տարիքում անօրինական կարգով ԱՄՆ բերված 1 միլիոն 8ՕՕ հազար փախստականների խնդիրը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների երկու կուսակցությունները ներկայացնող առաջնորդների միջեւ վերջերս կայացվեց համաձայնություն, համաձայնություն մանուկ հասակում անօրինական կարգով ԱՄՆ տեղափոխված, այսօր արդեն երիտասարդ անձանց ապագան որոշելու մասին։ Ու եթե որոշումը կայացվեր, ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը կշարունակեր ստանալ ֆինանսավորում ու կխուսափեր ժամանակավոր դադարից։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը կարծես յուղ լցրեց կրակի վրա՝ հայտարարելով.
՝՝Ես շատ կուզենայի, որ փակվեր կառավարությունը, եթե համաձայնության չգանք՛՛։
Թրամփի այս սպառնալիքը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ նրա վարչակազմը լրջորեն չի մոտենում այս խնդրին, ասում են դեմոկրատները։
Իսկ ժամանակը լրանում է այս երիտասարդների համար, որոնց այստեղ ՝՝երազողներ՛՛ են անվանում։
Ներգաղթի մասին օրինագիծը եկող շաբաթ քննարկման դնելու Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոստումը խոստանում է ինչ որ հնարավորություն։ Սակայն ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն է ասում, ՝՝Մենք ընդունելու ենք այնպիսի նախագիծ, որը վայելելու է նախագահի աջակցությունը՛՛։
Ներկայացուցիչների տան հանրապետականները հույս ունեն, որ նախագահի ներկայացրած 4 կետից բաղկացած ծրագիրը հավանության կարժանանա այս պալատում։
Սակայն չի թվում, որ դեմոկրատները գոհ են այդ ծրագրից։
Դեմոկրատ կոնգրեսականներից Ջուդի Չուի խոսքերով,՝՝Կամ նախագահը չի հասկանում ներգաղթի մասին օրենքները, կամ էլ նա դիտավորյալ կերպով սխալ է ներկայացնում հանրությանը՝ իր իսկ օրակարգն անցկացնելու համար՛՛։
Այնպես որ, շախմատի լեզվով ասած, պատային այս իրավիճակը կշարունակվի մինչեւ մարտի 5-ը։ Իսկ դա այն օրն է, երբ լրանում է ԴԱԿԱ ծրագրով այս փախստականներին տրված ժամանակավոր փաստաթղթերի ժամկետը։
Facebook Forum