ԱՄՆ-ի կոնգրեսականները երկուշաբթի օրը քվեարկեցին այն որոշման օգտին, որը թույլ է տալիս դեմոկրատներին հանդես գալ հանրապետականների դեմ ուղղված պատասխան քայլով։ Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված մի փաստաթղթի համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոն 2Օ16 թվականին նախագահական ընտրությունների հետ կապված հետախուզություն իրականացնելիս թույլ է տվել իշխանության չարաշահում։
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները մի քանի օր առաջ հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի երկրի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը հետաքննելիս, Հետաքննությունների դաշնային բյուրոն հենվել է Հիլարի Քլինթընի թիմի կողմից ֆինանսավորված մի հետազոտության վրա։ Հիմա էլ դեմոկրատներն են ներկայացնում փաստաթուղթ, ինչպես կոնգրեսական Ադամ Շիֆն է ասում, հասարակությանն այն անճշտությունների ու աղավաղումների մասին տեղեկացնելու համար, որոնք տեղ են գտել հանրապետականների փաստաթղթում։
Թրամփն ասում է, թե հանրապետականների հրապարակած փաստաթղթով դեմոկրատները ՝՝բռնվել են դեպքի վայրում՛՛։ Նա գտնում է, որ հանրապետականների փաստաթուղթն ապացուցում է, որ 2Օ16 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության հարցով սկսված հետաքննության շրջանակներում ինքը չունի որեւէ մեղք։
Ու քանի դեռ այս հարցով Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խորհրդի կողմից հետաքննությունը շարունակվում է, դեմոկրատները, ինչպես նաեւ որոշ հանրապետականներ ասում են, թե Մյուլլերի հետաքննությունը միայն հենված չի եղել դեմոկրատների հետազոտության փաստերի վրա։
Հիմա դեմոկրատներն են պատրաստվում ներկայացնել իրենց փաստաթուղթը։ Այն նախ պիտի դրվի Թրամփի սեղանին։ Սպիտակ տան պաշտոնատար անձինք հաստատ կերպով չեն ասում, սակայն ակնարկում են, որ նախագահը կարող է այն չհրապարակել։ Սպիտակ տան խոսնակներից մեկն էլ ասում է, թե Թրամփը կարող է թույլ տալ, որ նոր մի հետաքննություն սկսվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողությունների առնչությամբ։
Facebook Forum