Մատչելի հղումներ

Վերլուծաբաններ. Եվրոպան պետք է ինքնուրույն կարգավորի իր խնդիրները


Այսօր Եվրամիության առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ, ներառյալ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, բարձր գործազրկությունը, պոպուլիստական հռետորաբանությունը, ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը: Ինչպե՞ս են այս մարտահրավերներն ազդում դաշինքի վրա:

Եվրամիության դաշինքը հաճախ համեմատում են հեծանվի հետ, որը պետք է առաջ շարժվի, որպեսզի վայր չընկնի: Սակայն առաջընթացը միշտ չէ, որ կայուն է: Բրեքզիթը, ծայրահեղ ազգայնականության վերելքն ու պոպուլիստական հռետորաբանությունն այսօր մեծ մարտահրավերներ են Բրյուսելի համար:

«Արդյո՞ք ականատես ենք մեր իմացած Եվրոպայի անկմանը, որը կարող է վերադառնալ փակ սահմաններին և ինքնիշխան կոշտ պետականությանը»,- հարց է բարձրացնում Եվրոպայի հարցերով փորձագետ Չարլզ Քուփչանը:

Մեկ այլ վերլուծաբանի կարծիքով Եվրամիության այն հայեցակարգը, որը նպաստեց դաշինքի երկարատև բարգավաճմանն ու խաղաղությանը, այսօր անկում է ապրում:

«Այսօր մի քանի գործոններ ի հայտ եկան միաժամանակ, ներառյալ գլոբալիզացիան, տեխնոլոգիաների զարգացումը, ահաբեկչությունը, ռուսական ռևանշիզմն ու ամերիկյան աջակցության նվազումը»,- ասում է Ջեֆրի Գեդմինն Արտաքին հարաբերությունների խորհրդից:

Եվրամիության մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրներին գումարվում է ներգաղթյալների և փախստականների ներհոսքը Եվրոպա, որոնց մեծ մասը մահմեդականներ են: Դա սրում է ազգայնական տրամադրությունները եվրոպացիների շրջանում:

Եվրամիության անկայունությանը նպաստեց նաև ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մի շարք ուղեգծերի վերանայումը:

«Անգամ Թրամփից հետո դժվար կլինի Միացյալ Նահանգները դիտարկել որպես կառուցողական դերակատար, ինչպիսին, որ այն հանդիսանում էր վերջին 50-60 տարիներին: Դա չափազանց բարդ է եվրոպացիների համար, որոնց ճակատագիրը կրկին իրենց ձեռքում է»,- նշում է Սթեֆան Սզաբոն Ջոն Հոփքինսի անվան համալսարանից:

Վերլուծաբաններից շատերը համակարծիք են, որ եվրոպացիները պետք է այսուհետ չխուսափեն խնդիրներից, այլ փորձեն ինքնուրույն կարգավորել դրանք:

Facebook Forum

XS
SM
MD
LG