Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի դերը Սիրիայի հակամարտությունում՝ պահանջելով, որ ամերիկյան զորքերը լքեն սիրիական Մանբիջ քաղաքը, որը գտնվում է քրդական զորամիավորումների վերահսկողության ներքո:
«Ինչու՞ են ամերիկյան զորքերն այնտեղ: Հեռացեք այստեղից: Ո՞վ է ձեզ հրավիրել այստեղ: Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատնե՞րը, Քրդական աշխատավորական կուսակցությու՞նը: Դուք եք վերջիններիս այնտեղ բերել ու այժմ մեզ ասում եք չմոտենալ Մանբիջին: Մենք կգանք Մանբիջ և այդ տարածքը կվերադարձնենք իրական տերերին: Դա է մեր տարբերությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը գործում է Թուրքիայի, Իրանի ու հավանաբար Ռուսաստանի շահերի դեմ հյուսիսային Սիրիայում:
«Դա նշանակում է, որ դուք ունեք ծրագրեր Թուրքիայի, Իրանի, ինչու ոչ՝ Ռուսաստանի դեմ: Մենք սակայն չենք փոխելու դիրքորոշումը»,- հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում քրդական զորամիավորումների դեմ Թուրքիայի ձեռնարկած գործողությունների արդյունքում աճել է լարվածությունը Անկարայի ու Վաշինգտոնի միջև: Վերջինս աջակցում է քրդական զորամիավորումներին Դաեշ-ի դեմ պայքարում: Չնայած դրան ՝ Թուրքիան այս զորամիավորումները դիտարկում է որպես ահաբեկչական կառույցներ եւՔրդական աշխատավորական կուսակցության մի մաս։
Facebook Forum