Մատչելի հղումներ

Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին:

Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.

«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների եւ օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության եւ դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարեւոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»:

Նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են մերձբալթյան պետություններն ու Վրաստանը: Դրանց հետեւում են Հայաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Վերջինիս հայտնվելը տնտեսապես չափավոր ազատ պետությունների ցուցակում, չնայած երկրում տիրող մարդու իրավունքների լուրջ ճնշումներին, վերլուծաբանը բացատրում է մոտեցման տարբերությամբ. «Տնտեսական ազատությունների» զեկույցում հաշվի չի առնվել քաղաքական ազատությունների աստիճանը:

Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել: Թորի Ուայթինգի խոսքով, ցուցակում երեւում է ակնհայտ տարբերակումը երեք խմբերի.

«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք բախում են տեղում՝ չցանկանալով որեւէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»:

Վերլուծաբանի խոսքով, երկու տասնամյակից ավելի շարունակվող «Տնտեսական ազատություններ» զեկույցի հրապարակումը պարզ ապացուցում է, որ երկրի տնտեսական ազատությունն ուղղակիորեն կապված է պետության բարգավաճման, ժողովրդի կյանքի որակի եւ առողջության հետ: Ցուցակի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Ներ Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան:

Facebook Forum

XS
SM
MD
LG