Մատչելի հղումներ

Մահացել է Հայաստանի բարեկամ, միլիարդատեր գործարար Հանթսմանը


 Ջոն Հանթսման ավագ
Ջոն Հանթսման ավագ

Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո ութսուն տարեկան հասակում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը:

Նա հայտնի մորմոն գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների համար, որոնց թվում է McDonalds ընկերությունը: Հետագայում նրա հիմնած Huntsman կորպորացիան ներգարվված էր քիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաև զբաղվում էր ներդրումային ծրագրերով: Նրա ընկերության արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է, որը շուրջ 10 հազար աշխատակիցներով գործում է 30 երկրներում:

Հանթսմանները բազմազավակ ընտանիք են: Ջոն Հանթսմանն ու նրա կին Քերոնը ունեն 8 երեխա և 56 թոռ: Հիշեցնենք, որ նրա որդիներից մեկը՝ Ջոն Հանթսման կրտսերը, ով նախկինում զբաղեցրել է Յութայի նահանգապետի պաշտոնը, ակտիվ զբաղվել քաղաքականությամբ ու առաջ քաշել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, այսօր զբաղեցնում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Հանթսմանների ընտանիքն առավել հայտնի է իր բարեգործությամբ: «Ջոն և Քերոն Հանթսման» հիմնադրամն ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական ծրագրեր է իրականացրել կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Նրանց կողմից Յութայի համլասարանում հիմնած քաղծկեղի բուժման և հետազոտության կենտրոն-հիվանդանոցն աշխարհում այս ոլորտի ամենամեծ հաստատություններից է:

Ջոն Հանթսման ավագի անունը չափազանց հայտնի է նաև Հայաստանում և Սփյուռքում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր: Նրա ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, հիմնվել է շինանյութի արտադրության գործարան, իսկ հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստացել կրթություն ստանալ Յութայի համալսարանում:

Հանթսման ավագն իր ընտանիքի անդամների հետ մի քանի տասնյակ այցելություններ է իրականացրել Հայաստան: Իր գործունեության համար նրան շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը, նա արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների, որոց թվում է Մեսրոպ Մաշտոց շքանշանը:

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հանթսման ընտանիքի անդամներին, ուր ընդգծել է Հանթսման ավագի մեծ ավանդը երկրաշարժից հետո «Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում»:

Հիշեցնենք նաև, որ Ջոն Հանթսման ավագի անունը հայտնվել էր նաև Հայաստանում ներքաղաքական սկանդալի կենտրոնում: 2012 թվականին Հանթսման ավագը, ով ավելի վաղ վաճառել էր այստեղ գործող իր «Huntsman Building Products» ձեռնարկությունը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և նրա ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամին է նվիրաբերում մոտ 2 մլն. ԱՄՆ դոլար:

Նվիրատվությունը հայտնվում է Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ընդդեմ Օսկանյանի հարուցվում է քրեական գործ փողերի լվացման հատկանիշներով, որն ավելի ուշ կարճվում է: Այն լայն արձագանք է գտնում սփյուռքահայության շրջանում ու միջազգային մամուլի էջերում: Օսկանյանն ու իր կողմնակիցները գործի հարուցումը կապել են արտգործնախարարի քաղաքական գործունեության հետ՝ այն որակելով քաղաքական հետապնդում: Իշխանությունները հերքել են գործի որևէ առնչույունը քաղաքականության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG