Մատչելի հղումներ

Լրացավ միջուկային զենքերը կրճատելու ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ համաձայնության վերջնաժամկետը


Փետրվարի 5-ին լրացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կնքված Ռազմավարական նշանակության զենքերը կրճատելու, Նոր ՍՏԱՐՏ անվամբ հայտնի պայմանագրի 8-րդ տարին։ Պրագայում այն ստորագրել էին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը։ Ըստ պայմանագրի, մինչեւ փետրվարի 5-ը կողմերը պիտի համաձայնեցված կերպով կրճատած լինեին ռազմավարական նշանակության մի շարք տիպի զենքեր, այդ թվում միջուկային մարտագլխիկները եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթի խոսքերով, Միացյալ Նահանգները կատարել է իր ստանձնած պարտավորությունները դեռեւս 2Օ17 թվականի օգոստոսին։ ՝՝Ու մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես կատարել է կրճատումների իր պարտավորությունները՛՛, ասել է Նոուերթը։

Ըստ պայմանագրի, կողմերը տարին երկու անգամ պիտի տեղեկություններ տրամադրեն միմյանց՝ իրենց երկրներում առկա մարտագլխիկների ու հրթիռային կայանքների մասին։ Նրանք պիտի թույլատրեն միմյանց իրականացնելու զննումներ մեկը մյուսի տարածքում։
Ինչպես Ռամավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներից Օլգա Օլիքերն է ասում, պայմանագրում ընդգրկված այդ կետը սահմանափակում է միմյանց սխալ տեղեկություններ տալու հնարավորությունը։

Նախագահական իր ուղերձի ժամանակ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ը պիտի նորացնի միջուկային իր զենքերը։

՝՝Դրանք հարկավոր են ագրեսիվ որեւէ գործողություն կանխելու համար։ Հավանաբար ինչ որ ժամանակ ապագայում կգա կախարդական այն պահը, երբ աշխարհի երկրները կմիավորվեն, ոչնչացնելու համար իրենց միջուկային զենքերը։ Դժբախտաբար, այսօր այդտեղ դեռեւս չենք հասել՛՛, ասաց նա իր ելույթում։

Չնայած Թրամփի ու Պուտինի միջեւ լավ հարաբերություններին, երկու երկրների միջեւ մի շարք հարցերում են այսօր առկա տարաձայնություններ։
Օլգա Օլիքերի խոսքերով. ՝՝Կողմերի միջեւ նաեւ կան շատ հարցեր, որոնք հակասում են մեկը մյուսի շահերին։ Ու հարկավոր է մեծ աշխատանք տանել, որպեսզի անհամաձայնությունները չխորանան ու աշխարհը մի օր չկանգնի կործանման վտանգի առջեւ՛՛։

Իսկ աշխարհի անվտանգության բանալին Նոր ՍՏԱՐՏ պայմանագիրն է։ Չէ որ աշխարհի միջուկային բոլոր զենքերի 95 տոկոսը պատկանում են ԱՄՆ-ին ու Ռուսաստանին։

Facebook Forum

XS
SM
MD
LG