Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում է հայտնվել նաև Դմիտրի Մեդվեդևը


ԱՄՆ-ի վարչակազմի հրապարակած զեկույցն ու ռուսաստանցի օլիգարխների ու միլիարդատերերի ցուցակը դեռևս պատժամիջոցներ չի նախատեսում վերջիններիս նկատմամբ: Ցուցակում ընդգրվել են Պուտինի մտերիմ 114 ռուսաստանցի քաղաքական գործիչներ և 96 օլիգարխներ, որոնք հարստացել են Պուտինի օրոք:

Սակայն զեկույցում չկա որևէ հիշատակում պաշտոնական Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին, որի արդյունքում հնչում են կարծիքներ, որ Թրամփը չափազանց մեղմ դիրքորոշում ունի Ռուսաստանի հանդեպ: Գործող վարչակազմը հակազդում է.

«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել հսկա աշխատանք իրականացնելուց հետո, որի արդյունքում պատրաստվել է այս զեկույցը: Այժմ կուսումնասիրենք այն՝ հասկանալու, թե ինչ պատժամիջոցներ են անհրաժեշտ: Սա չի նշանակում, որ պատժամիջոցներ չենք սահմանում համապատասխան անձանց հանդեպ»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցին և ցուցակին արձագանքել է ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունները: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր թվիթերյան գրառման մեջ ողջունել է հրապարակումը ՝ ընդգծելով, որ վերջապես ռուսական գողերին ու խարդախներին ճանաչեցին միջազգայնորեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում միջին տարեկան եկամուտը կազմում է մոտ 5500 ԱՄՆ դոլար, իսկ ամսական թոշակը չի գերազանցում 240 դոլարի: Միևնույն ժամանակ Պուտինի մերձավոր, ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերության խորհրդի նախագահ Իգոր Սեչինի ամսական աշխատավարձը կազմում է 350 հազար ԱՄՆ-ի դոլար: Հատկանշանական է, որ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ռուսաստանցի օլիգարխների ցուցակը վերցրել է Forbes ամսագրի հրապարակած 2017 թվականի ամենահարուստ մարդկանց ցուցակից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չէր ընդգրվել ցուցակում՝ չնայած որոշ աղբյուրների համաձայն նրա անձնական կարողությունը հասնում է 200 միլիարդ դոլարի: Պուտինը քննադատության է ենթարկել ամերիկյան կողմի գործողությունները: Նա ընդգծել է, որ ցուցակում հրապարակված անձանց և նրանց ղեկավարած կառույցների հետևում կանգնած է Ռուսաստանի ողջ ժողովուրդը:

«Չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունեին այս գործողությունները: Սա ոչ բարեկամական քայլ է, որը բարդացնում է առանց այն էլ դժվար իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում և բացասաբար ազդում ընդհանուր միջազգային հարաբերությունների վրա»,- հայտարարել է նախագահ Պուտինը:

Նա հայտնել է, որ ռուսական կողմը սպասում էր նման մի ցուցակի հրապարակմանը և պատրաստվում հակազդել դրան, սակայն ընդգծել, որ այս պահին Մոսկվան որևէ հակաքայլի չի դիմելու:

«Մենք չենք մտնելու պայքարի մեջ և էլ ավելի լարենք իրավիճակը: Մենք համբերատար կկառուցենք մեր հարաբերություններն այնքան, որքան դրան պատրաստ է ամերիկյան կողմը»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինի մտերիմ զինակից, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ում անունը հայտնվել է ֆինանսների նախարարության ռուսաստանցի գործիչների ցուցակում, ևս արձագանքել է հրապարակմանը:

«Կարծում եմ նման ցուցակների կարևորությունը հավասար է զրոյի: Սա ընդունված օրենքի իրականացում է, որը կողմնակալ մոտեցում ունի մեր երկրի հանդեպ: Այն բացասաբար կազդի մեր երկրների միջև կապերի ու հարաբերությունների վրա: Եվ դա ինքնին լավ չէ»,- հայտարարել է Մեդվեդևը:

ԱՄՆ-ի հրապարակած ցուցակին արձագանքել է նաև Եվրոպան:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը որոշել է չաջակցել պատժամիջոցների ուժեղացմանն այս ձևով: Կարծում եմ չափազանց կարևոր է հաշվի առնել խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետների առկայությունը»,- հայտարարել է Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը:

Նշենք որ ցուցակում հայտնվել էին նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Վերջին տարիների ռուս-ամերիկյան հարաբերությունները մշտապես գտնվում են լարված վիճակում և իրենց ազդեցությունն են թողնում նաև ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքի վրա: Դեմոկրատներն ու մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ Թրամփի վարչակազմը չի դիմի լուրջ գործողությունների Մոսկվայի դեմ՝ հաշվի առնելով ընտրություններին ներգրավման փաստը:

Facebook Forum

XS
SM
MD
LG