Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում նոր ցույցեր սկսվեցին, երբ խորհրդարանը որոշեց հետաձգել նոր նախագահի ընտրության շուրջ քվեարկությունը։ Անկախության կողմնակից կուսակցությունները, որոնք երկրամասի խորհրդարանում կազմում են մեծամասնություն, ըստ նախատեսված ծրագրի, պիտի ընտրեին նախկին նախագահ Կարլես Պուջդեմոնին։ Սակայն քվեարկությունը շատերի համար շատ անսպասելի կերպով հետաձգվեց։ Ինչպես Իսպանիայից անկախանալու նպատակ ունեցող Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոջեր Թորենթն ասաց, ՝՝Պուջդեմոնին վստահության քվե հայտնելու գործընթացը շարունակվում է։ Շուտով կհայտնենք վստահության քվե, երբ ունենանք արդյունավետ նիստ անցկացնելու երաշխիքներ՛՛։
Ցուցարարները պահանջում են, որ Պուջդեմոնին տրվի Կատալոնիա վերադառնալու հնարավորություն։ Իսպանիայում այսօր տիրում է բռնապետությունը, ասում են նրանք՝ հիշեցնելով, որ Պուջդեմոնը արդեն մի քանի ամիս ստիպված ապաստանել է Բելգիայում։
Վերջինս հեռացավ Իսպանիայից՝ հոկտեմբեր ամսին անցկացված հանրաքվեի արդյունքում Կատալոնիան անկախ հռչակելուց հետո, երբ նրա դեմ Մադրիդում հարուցվեցին խռովություններ ու ապստամբություն կազմակերպելու մեղադրանքներ, ինչը նրան կարող է սպառնալ մինչեւ 3Օ տարվա ազատազրկման պատժով։ Մադրիդն այնուհետեւ ցրեց Կատալոնիայի խորհրդարանը հույսով, որ նոր ընտրությունների արդյունքում անկախականները կպարտվեին։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Անկախական կուսակցությունները նորից կազմեցին մեծամասնություն՝ պնդելով, որ Պուջդեմոնը տեսակապի միջոցով կարող է ղեկավարել նաեւ Բելգիայից։ Սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը դա համարեց անօրինական։
Մադրիդը հույս ունի, որ Կատալոնիայում ժամանակի ընթացքում կմարի անկախության շարժումը։
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Մադրիդը հուսով էր, որ տնտեսական ճգնաժամի փուլից դուրս գալուց հետո, երբ տնտեսությունը սկսեր աճել, երբ մակրոտնտեսությունը բարելավվեր, անկախության ձգտումը կմարեր։ Սակայն անկախության այս ձգտումն ունի ավելի խորն արմատներ, ասում են նրանք ու ավելացնում, որ այս շարժումը չունի վաղաժամ վախճան։
Իսկ այսօր, երբ Կատալոնիայի խորհրդարանը չի հայտարարել, թե երբ է մտադիր անցկացնել նախագահի ընտրության հարցով քվեարկություն, Բարսելոնի ու Մադրիդի միջեւ շարունակվում է պատային իրավիճակը։
Facebook Forum