Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձը: Հիշեցնենք, որ ընտրված նախագահի միայն երկրորդ տարվա ելույթն է համարվում ուղերձ Կոնգրեսին: Նախագահն իր առաջին ուղերձում անդրադարձավ տնտեսական քաղաքականությանը, հարկային բարեփոխումներին, ներգաղթի հիմնախնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին և արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերների։ Նախագահի ուղերձը հնչեց ինչպես տեղի է ունենում սովորաբար ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստին։
Հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները, ԱՄՆ-ի կառավարությանն անդամներն ու հրավիրված հյուրերն ուշադրությամբ ունկնդրումն էին նախագահ Թրամփի առաջին ուղերձը, որը ընդհատվում էր հանրապետական մեծամասնության ծափողջույներով: Դեմոկրատների թևն ուղերձը լսում էր լուռ՝ ընդգծելով անհամաձայնությունը գործող վարչակազմի քաղաքականության հետ: Իր ուղերձի սկզբում նախագահը հանդես եկանվ միասնության կոչով:
«Այսօր ես կոչ եմ անում բոլորիս մի կողմ դնել մեր հակասությունները, միավորվել ընդհանուր հարթակի շուրջ հանուն այն մարդկանց, ովքեր իրենց ձայնն են տվել մեզ»,- կոչ արեց նախագահ Թրամփը:
Թրամփն ընդգծեց գործող վարչակազմի նախորդ տարվա տնտեսական ձեռքբերումները, որոնցից առաջնային է հարկային բարեփոխումները: Ըստ նախագահի, դրանց շնորհիվ շուրջ 3 միլիոն ամերիկացիներ արդեն զգացել են հարկերի նվազեցման դրական ազդեցությունը:
Նախագահ Թրամփի պնդմամբ ԱՄՆ-ի տնտեսությունը գտնվում է բարվոք վիճակում, վերելք է ապրում փոքր ձեռնարկատիրությունը, աճում են ներդրումները: Խոշոր ընկերությունները նոր ձեռնարկություններ և գործարաններ են հիմնում ԱՄՆ-ի տարածքում, որոնց թիվը, ըստ նախագահի, գնալով աճելու է:
«Ընտրվելուց ի վեր մենք բացել ենք 2,4 միլիոն նոր աշխատատեղ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Չշրջանցվեց նաև ներգաղթի թեման, որի շուրջ ընթանում է քաղաքական սուր պայքար: Թրամփը նշեց, որ առաջ քաշած նոր օրենքի նախագիծը կկարգավորի ոլորտի հիմնախնդիրները: Այն հիմնված է 4 հիմնասյուների վրա, որոնցից են DACA ծրագրի մասնակիցներին քաղաքացիության շնորհման մեխանիզմի ստեղծումը, գրին քարտ խաղարկության վերացումը, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումն ու շղթայական ներգաղթի վերանայումը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության և ահաբեկչության դեմ պայքարին՝ նախագահ Թրամփն ընդգծեց, որ իր վարչակազմին հաջողվել է ջախջախել Դաեշ-ին: Նա բացառեց նախկին նախագահ Օբամայի նախաձեռնած Գուանտանամա բանտի փակումն ու ընդգծեց, որ ԱՄՆ-ը վճռական է տրամադրված ահաբեկչության վերջնական վերացման հարցում: Այդ առումով նա վերահաստատեց Աֆղանստանի կառավարության հետ հետագա համագործակցությունը:
Շարունակելով անվտանգության և արտաքին քաղաքականության թեման՝ նախագահը կոչ արեց ԱՄՆ-ի Կոնգրեսին չկրճատել ռազմական ծախսերը՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները:
«Մեզ շրջապատում են հանցավոր վարչակարգեր, ահաբեկչական խմբավորումներ, Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդներ, որոնք հակադրվում են մեր շահերին, տնտեսությանն ու մեր արժեքներին»,- ընդգծել է նախագահը:
Նա իր դժգոհությունը հայտնեց այն երկրների հանդեպ, որոնք ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում դեմ են քվեարկել այդ որոշման վերաբերյալ բանաձևին՝ չնայած ամերիկյան բազմամիլիարդ արտաքին օժանդակությանը:
«2016 թվականին ամերիկյան հարկատուներն այդ նույն երկրներին են փոխանցել ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն, ուստի ես կոչ եմ անում Կոնգրեսին ընդունել նոր օրենք, որով ամերիկյան արտաքին օժանդակությունը կսպասարկի ամերիկյան շահերը և կտրամադրվի միայն մեր բարեկամներին, այլ ոչ թե թշնամիներին»,- ասել է նա:
Թրամփը բացառեց որևէ զիջում Հյուսիսային Կորեայի վարչակարգին, ինչպես նաև ընդգծեց Իրանի, Կուբայի ու Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների վերականգման անհրաժեշտությունը: Մեղադրելով նախկին վարչակազմերին վճռականության բացակայության մեջ՝ նա ընդգծեց, որ չի պատրաստվում կրկնել նրանց գործած սխալները:
Facebook Forum