Վերջին օրերին Աֆղանստանը ցնցեցին մի քանի ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ գնացին 150 մարդ: Թալիբանը վերցրեց իր վրա երկու գործողությունների համար պատասխանատվությունը:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել թալիբների հետ, ովքեր խլում են անմեղ մարդկանց կյանքեր: Հիշեցնենք, որ նախկինում ամերիկյան կողմը չէր բացառում նման բանակցությունների հավանականությունը:
«Թալիբանն ամեն կերպ ցանկանում է թուլացնել աֆղանական պետությունը: Այն այժմ փորձում է անել դա՝ ապացուցելու, որ գործող իշխանությունները ունակ չեն ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը»,- ասում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Մայքլ Քյուգելմանը:
Նախագահ Թրամփը մեծացրել է ամերիկյան ռազմական ներկայությունը Աֆղանստանում: Այստեղ է տեղակայված 11 հազարանոց զորամիավորում: Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ փորձում է ճնշում գործադրել Պակիստանի վրա, որի տարածքը լայնորեն օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար:
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը Պակիստանը կհայտարարի ահաբեկչություն հովանավորող երկիր: Դա կլիներ չափազանց մեծ ճնշում, որը այդքան էլ օգտակար չի լինի: Այդ դեպքում Պակիստանը կարող է արձագանքել՝ փակելով ՆԱՏՕ-ի ուժերի համար մատակարարման ուղիները դեպի Աֆղանստան»,- կարծում է Քյուգելմանը:
Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակն ու շարունակվող բռնությունները մոտ ապագայում իրավիճակի կայունացման հույսեր չեն տալիս։
Facebook Forum