Մատչելի հղումներ

Մահացել է IKEA ընկերույթան հիմնադիրը


Շաբաթ օրը հայտնի դարձավ աշխարհահռչակ շվեդական IKEA ընկերության հիմնադիր գործարար Ինգվար Քեմփրադայի մահվան մասին, ով մահացել է 91 տարեկան հասակում թոքաբորբից Շվեդիայի հարավում գտնվող նրա հարազատ Սմալանդիի շրջանում: Այստեղ է անցել նրա մանկությունը և սկիզբ առել նրա գործարար կենսգրությունը, որը վերածվել է համաշխարհային համբավ ունեցող IKEA ընկերությանը 190 հազար աշխատակիցներով ու 47 միլիարդ տարեկան վաճառքով:

Ընկերության արտադրած կահույքը հայտնի է իր պարզությամբ ու գնային առումով մատչելիությամբ: Դրա շնորհիվ Քեմփրադը դարձավ 46 միլիարդ կարողություն ունեցող գործարար: IKEA անունը գոյացել է նրա անուն ազգանունի, ծննդավայր Ագունարիդ քաղաքի ու նրան պատկանող Էլմթարիդ անունով ֆերմայի առաջին տառերի համադրությամբ:

Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լոֆվենն ասել է, որ Քեմփրադը յուրահատուկ գործարար էր, ով իր ազդեցությունն է թողել Շվեդիայի բիզնես ոլորտի զարգացման վրա: Երկրի թագավոր Կառլ XVI Գուստաֆը Քեմփրադին անվանել է իրական գործարար, ով Շվեդիան ճանաչելի է դարձրել աշխարհին:

Սակայն վերջինիս կենսագրությունում կան նաև հակասական պահեր:

Նրան կոշտ քննադատությանն են ենթարկել 1940-ակններին նացիստական երիտասարդական շարժման հետ կապեր ունենալու համար: Շվեդիան պահպանել էր իր չեզոքությունը երկրորդ աշխարհամարտի օրերին, սակայն նացիստական կուսակցությունն այստեղ շարունակեց գործել նաև պատերազմից հետո: Քեմփրադն ասել էր, որ դադարել է հաճախել շարժման հանդիպումներին 1948 թվականից հետո՝ կյանքի այդ շրջանը բնութագրելով որպես «ամենամեծ սխալ» կամ «անմիտ երիտասարդության սխալներ»:

1973 թվականին Քեմփրադը տեղափոխվում է նախ Դանիա, իսկ այնուհետև Շվեյցարիա իր հայրենի Շվեդիայում բարձր հարկերի պատճառով:

Եվրոպական հանձնաժողովն անցած տարի հետաքննություն էր սկսել Քեմփրադի դեմ՝ նրան մեղադրելով հարկերից խուսափելու մեջ: Հետաքննող լրագրողները IKEA-ն համարում են աշխարհում ամենամեծ ընկերություններից մեկը, որը ֆինանսական միջոցները տեղափոխելով խուսափում է հարկերից:

Քեմփրադը համեստ կյանք էր վարում, գնում էր ոչ թանկ հագուստ, վարում էր հին Volvo տեսակի ավտոմեքենա և սնվում տնից բերած նախաճաշով:

Facebook Forum

XS
SM
MD
LG