Մատչելի հղումներ

Նավալնին ազատ արձակվեց


Ռուսաստանում ազատ է արձակվել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Ոստիկանությունը նրան ձերբակալել էր, երբ նա պատրաստվում էր մասնակցել Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցի: Ոստիկանությունը նրան բռնի ուժով բերման էր ենթարկել:

Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողեցներ՝ բողոքելու ընդդեմ գալիք ընտրություններում նախագահ Պուտինի մասնակցության:

«Ռուսաստանը հարյուրամյակներ փորձում է ազատվել ցարից: Ժամանակն է նրան հեռացնել: Եկել եմ այստեղ, քանի որ այստեղ են հավաքվել խոհեմ շատ մարդիկ, ովքեր չեն վախենում ու պահանջում են արդար ընտրություններ բոլոր թեկնածուների մասնակցությամբ»,- ասում է մոսկվաբնակ ցույցի մասնակից Միխաիլ Սիլիչը:

Նախագահ Պուտինն իշխանության ղեկին է Ռուսաստանում 1999 թվականից: Ալեքսեյ Նավալնին կոչ է անում բոյկոտել գալիք ընտրությունները, որոնց միջոցով Պուտինը կարող է կրկին անգամ ստանձնել նախագահի պաշտոնը:

Կիրակի օրը ոստիկանությունը ներխուժել է Մոսկվայում Նավալնիի գրասենյակը՝ իրենց գործողությունները հիմնավորելով տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգով:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին, ով սոցիալական ցանցերի միջոցով հաճախակի է անդրադառնում Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիային, չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ դատարանը արգելել է նրա գրանցումը որպես թեկնածու՝ հիմք ընդունելով նրա դատապարտված լինելը: Նավալնին ու նրա կողմնակիցները պնդում են, որ նրա դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են և կապված վերջինիս քաղաքական գործունեության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG