Համաշխարհային կինոսատղ Անջելինա Ջոլին, ով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերատեսչության հատուկ դեսպանն է, այցելել է Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբար: Սիրիայի հետ սահմանային Զաաթարի ճամբարում նրան են շրջապատել բազմաթիվ փախստականներ:
«Չափազանց ծանր է այցելել Հորդանան և տեսնել այն ցավն ու դժվարությունները, որ կրում են Սիրիայի փախստականները պատերազմի 8-րդ տարում»,- նշել էր կինոաստղը:
Ջոլին կոչ արեց հնարավորինս արագ կարգավորել Սիրիայի հակամարտությունը, քանի որ մարդասիրական օգնությունը չի կարող հանդիսանալ երկարաժամկետ լուծում:
«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին այցելել տաչրածաշրջանում ճամբարներում և քաղաքներում բնակվող փախստականներին և վերջապես գտնել ուղին ՄԱԿ-ի և միջազգային հանրության ներգրավմամբ կարգավորելու հակամարտությունը»,- ասել է Ջոլին:
Պաշտոնապես Հորդանանում այս պահին գտնվում են շուրջ 660 հազար սիրիացի փախստականներ, սակայն այդ թիվը հնարավոր է ավելի մեծ լինի: Դրանց մի մասը բնակվում է Զաաթարի ճամբարում: Փախստականների ճամբար էր այցելել նաև Գերմանիայի նախագահ Ֆրենք Վալտեր-Շտեյնմեյերը, ով ընդգծեց Հորդանանի ավանդական կարևոր դերը փախստականների ընդունման հարցում:
Նախագահ Շտեյնմեյերն ընդգծեց, որ անհրաժեշտ է Հորդանանին տրամադրել ավելի մեծ օգնություն՝ փախստականների համար մարդասիրական ծրագրեր իրականացնելու նպատակով: Անցած տարի Գերմանիան մեծացրել էր Ամմանին տրամադրվող օգնությունը՝ 600 միլիոն դոլարից հասցնելով այն 740 միլիոնի: 2017 թվականին ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը Հորդանանին կազմել է շուրջ 1,3 միլիարդ դոլար:
Facebook Forum