Մատչելի հղումներ

 
Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը

Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը


Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը:

Անցած քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գիրքը, ներկայացվեց մաքուր էներգիայի արտադրությունն ու սպառումը խթանելու նահանգի փորձը: Ելույթ ունենալով քննարկմանը ներկա արտերկրյա դիվանագետների եւ բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ընդգծեց, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ գիտակցում են էլեկտրական էներգիայի արժեքը՝ կատակելով.

«Պատմականորեն ցավոք սրտի մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան կանաչ երկիր է դարձնում»:

Լինելով Հայաստանի հիմնական գործընկերը՝ Միացյալ Նահանգները տնտեսական մի հսկա է, ուստի Հայաստանը փորձում է անհատական գործընկերություն զարգացնել առանձին նահանգների հետ: Կալիֆոռնիա նահանգը Հայաստանի տնտեսական կարեւորագույն գործընկերն է, ընդգծում է դիվանագետը.

«Մենք աշխատում ենք Կալիֆոռնիայի հետ, որովհետեւ այդ նահանգի տնտեսական հիմնական սեկտորները մոտ են նրան, ինչը մենք զարգացնում ենք Հայաստանում: Դրանից բացի, Կալիֆոռնիայում մենք ունենք հզոր ու ակտիվ հայկական համայնք, որը մեր երկիրը Կալիֆոռնիայի հետ կապում է անթիվ ճանապարհներով»:

Ներկայացնելով Կալիֆոռնիայի փորձը՝ «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգը նշում է, որ հաջողության գաղտնիքը հանրային աջակցության ձեւավորումն է.

«Կալիֆոռնիայում մենք ստացանք հանրային աջակցություն` կապելով մաքուր էներգիայի արտադրությունը հանրային առողջության հետ, քանի որ բոլորն էլ ցանկանում են մաքուր միջավայրում ապրել»:

Մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն եւ էլեկտրականություն խնայող սարքավորումների ներդրում՝ սրանք են մաքուր միջավայրի հիմնասյուները, նշում է Ուիթենբերգ: Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, այնուամենայնիվ ունի մաքուր արեգակնային եւ քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ: Իսկ Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG