Մատչելի հղումներ

Վերլուծաբան. Անկարան իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ հակակշռում է Մոսկվայի հետ հարաբերությամբ


Թուրքիայի փորձագիտական շրջանակների կարծիքով Աֆրինի հետագա զարգացումները կախված են Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Թուրքիայի նախագահը վերջերս հայտարարել էր, որ գործողություններն Աֆրինում լավ են ընթանում և շուտով դրանք կտեղափոխվեն դեպի արևելք՝ Մանբիջ քաղաքը գրավելու համար: Վերլուծաբանները, սակայն, գտնում են, որ Թուրքիան չի ծավալվի համապատասխան սահմաններից դուրս, քանի որ այստեղ առկա են ամերիկյան և ռուսական շահերը:

«Կարծում եմ նրանք խնդիր չունեն գործողության հետ, քանի դեռ այն այս շրջանակներում է: Եթե Թուրքիան փորձի ընդլայնել գործողությունների ծավալը, ապա այդ դեպքում դա խնդիր կառաջացնի»,- նշում է թուրք վերլուծաբան Բորա Բայրաքթարը Ստամբուլի Քուլթուր համալսարանից:

Վերլուծաբանների կարծիքով Աֆրինի գործողություններն էլ ավելի լարեցին թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ չնայած երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերներ են:

«Աֆրինի գործողությունն ավելի շատ խնդիրներ ստեղծեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, սակայն այժմ թվում է, որ ԱՄՆ-ը փորձում է հանդարտեցնել իրավիճակը: Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը դադարեցնի քրդական զորամիավորումներին սատարումը: Կարծում եմ, սակայն, որ լարվածությունը հարաբերություններում կպահպանվի»,- նշում է Բայրաքթարը:

Թուրք-ռուսական հարաբերությունների առումով, վերլուծաբանները գտնում են, որ Ռուսաստանը որդեգրել է սպասողական դիրքորոշում, քանի որ նրա շահերից է բխոմ, որ թուրքական զորքերը հարվածեն ամերիկամետ ուժերին: Քրդերի դեմ գործողությունները բխում են թե Ռուսաստանի և թե Թուրքիայի շահերից:

«Երկու երկրները երբեք չեն ունեցել բարեկամական հարաբերություններ, սակայն երբեք չեն դադարել համագործակցել»,- ասում է թուրք քաղաքական վերլուծաբան Էմրե Գոնենը:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նախկինում համագործակցել են հակաահաբեկչական գործողությունների շրջանակում, սակայն դրանց որոշակի դադարեցումից հետո սկսել են մրցել տարածաշրջանում ազդեցության հաստատման համար:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ չափազանց կարճատես է: Նրանք իրենց գործողություններով մղում են Թուրքիային դեպի դաշինք Արևելքի հետ: Թուրքիան փորձում է հակակշռել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ հարաբերություններով»,- նշում է Բորա Բայրաքթարը:

Facebook Forum

XS
SM
MD
LG