Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովն այն կարևոր հարթակն է, որին ավանդաբար մասնակցում են քաղաքական և գործարար աշխարհի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչներ:
Այս տարի համաժողովին ներկա է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջին անգամ ԱՄՆ-ի նախագահը մասնակցել է Դավոսի համաժողովին 2000 թվականին:
«Մենք հավատացած ենք երկխոսությանը, և կարծում եմ, որ այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահն այստեղ է, ստեղծում է ավելի համաչափ գլոբալիզացիայի վերաբերյալ քննարկումների լայն հնարավորություն»,- հայտարարել է Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բորջ Բրենդը:
Սակայն ԱՄՆ-ի գործող իշխանությունները որոշ վերապահումներով են մոտենում գլոբալիզացիային: Նախագահ Թրամփի վարչակազմի կարծիքով գործող առևտրային համակարգերն անարդար են և պետք է վերանայվեն:
«Մեր գործողությունները վերականգնում են արդար առևտրի սկզբունքը և աշխարհին ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն այլևս թույլ չի տա չարաշահումներ իր նկատմամբ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ-ի այս մոտեցումներին հակադրվում են խոշոր այլ տերություններ ներառյալ Հնդկաստանը, Չինաստանը, Եվրամիությունն ու Ճապոնիան:
«Պահպանողական ուժերը գլուխ են բարձրացնում ընդդեմ գլոբալիզացիայի: Նրանց մտադրությունն է ոչ միայն խուսափել գլոբալիզացիայից, այլ նաև խաթարել դրա ընթացքը»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Վերլուծաբանների կարծիքով երկրների միջև հակասություններն ի հայտ կգան համաժողովի ընթացքում:
«Կարծում եմ կլինեն որոշակի անհամաձայնություններ, քանի որ փոփոխվում է միջազգային համակարգը կամ առնվազն ԱՄՆ-ի մոտեցումներն այս հարցում: Եվ դա կունենա հետևանքներ այլ երկրների համար, որոնք կհայտնվեն ավելի մրցակցային միջավայրում»,- ասում է Ինդերջիթ Փարմարը Լոնդոնի City համալսարանից։
Ինչպիսին կլինի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը Դավոսի միջազգային համաժողովին, պարզ կդառնա համաժողովից հետո: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և խոշոր այլ տերությունների միջև առկա է հակասություն՝ կապված գլոբալիզացիայի, համաշխարհային առևտրի և նախագահ Թրամփի վարչակազմի որդեգրած մոտեցումների հետ:
Facebook Forum