Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հայցի լսումները: Վերջինս մեղադրում է պաշտոնական Մոսկվային՝ չհիմնավորված ձերբակալություններ իրականացնելու մեջ:
Նավալնին պնդում է, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է խաղաղ ցույցը և անհիմն ձերբակալել ու կալանքի առել իրեն: Նավալնին նշում է, որ շուրջ 7 անհիմն ձերբակալություններն ու երկու կալանավորումները խախտել են նրա ազատության իրավունքը, իսկ անօրինական դատաքննչական ընթացքը՝ նրա արդար դատավարության իրավունքը:
«Հայցորդը ի սկզբանե հայտնել է, որ նրա վարչական կալանքներն ու ձերբակալությունները հիմնավորված չէին և կրում էին քաղաքական բնույթ»,- հայտնել է Նավալնու փաստաբան Աննա Մարալյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցած տարի մերժել է Ալեքսեյ Նավալնու գրանցումը որպես նախագահի թեկնածու մարտի 18-ի ընտրություններին՝ հիմք ընդունելով նրա դատվածությունը:
Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ Միխաիլ Գալփերինը հերքել է որևէ խտրականություն Նավալնու հանդեպ և նշել, որ Ռուսաստանում հանրաքվեների անցկացումը չի սահմանափակվում, սակայն կառավարությունը պետք է ապահովի հանրային կարգուկանոնը:
Facebook Forum