Մատչելի հղումներ

Ներգաղթի խնդիրը գալիք ընտրությունների կարևոր հիմնահարցերից է


ԱՄՆ-ի Սենատը վերադարձել է աշխատանքի կարճաժամկետ դադարից հետո՝ հրահրված ներգաղթի խնդրով: Հանրապետականները կարծում են, որ իրենք այժմ առավելություն ունեն այսպես կոչված «դրիմերների» վերաբերյալ բանակցություններում: Խոսքը այն ներգաղթյալների մասին է, որոնք մանուկ տարիքում անօրինական ներգաղթել են ԱՄՆ-ը ու ունեն հատուկ կարգավիճակ DACA ծրագրի շրջանակում:

Նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով ևս հայտարարել է հաղթանակի մասին՝ ընդգծելով, որ նա այժմ պատրաստ է համաձայնություն կնքել:

«Նա պատրաստվում է կարևոր դեր ստանձնել ամբողջ գործընթացում, սակայն Կոնգրեսը պետք է անցկացնի այս օրենքը երկու պալատներում և ուղարկի այն նախագահին ստորագրության համար»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Դեմոկրատները սակայն պատրաստվում են պայքարել «դրիմերների» հարցում:

«Հանրապետական մեծամասնությունն ունի 16 օր օրինագիծ կազմելու, այն 60 կողմ ձայնի արժանացնելու ու կանխելու դրիմերների արտաքսումը: Ժամանակը գնաց»,- հայտարարել է Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը:

Սենատոր Շումերը նաև հետ է կանչել իր նախկինում արված առաջարկը՝ Թրամփի նախաձեռնած սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ համաձայնության մասին:

Հարցումները խոսում են հանրության կողմից դրիմերներին աջակցելու մասին, իսկ այս խնդիրը կդառնա կարևոր հիմնահարց գալիք Կոնգրեսի ընտրություններում:

«Դեմոկրատները միասնական են մեկ հարցում. նրանք բոլորը չեն սիրում Դոնալդ Թրամփին և մասնակցում ընտրություններին նրա և հանրապետականների դեմ: Դա է նրանց մոտիվացնում և միավորում»,- նշում է Bipartisan policy կենտրոնի վերլուծաբան Ջոն Ֆորթիերին:

Իսկ վերլուծաբան Ջոյ Ռիդը ոգևորություն է նկատում նաև հանրապետականների ճամբարում:

«Թրամփի կողմնակիցների շրջանում առաջնային հարցը ներգաղթն է: Ամենաշատը ներգաղթն է նշվել որպես երկրի վրա բացասական ազդեցություն ունեցող երևույթ»,- ասում է Ջոյ Ռիդը:

Կառավարության փակման դադարեցումն այս պահին վերացրեց ճգնաժամը, սակայն եթե կողմերը չգան համաձայնության դրիմերների հարցում, մեկ այլ ճգնաժամ կդառնա անխուսափելի:

Facebook Forum

XS
SM
MD
LG