Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան օրերս մեղադրել է ԱՄՆ-ին օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման պատրվակով Կորեական թերակղզու մոտ ռազմական ուժեր տեղակայելու մեջ: Փհենյանն ընդգծել է, որ իր միջուկային կարողությունները հետ են պահում Վաշինգտոնին արկածախնդրությունից:

«Հպարտ եմ նշելու, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերն ունակ են հակազդելու ԱՄՆ-ի յուրաքանչյուր միջուկային սպառնալիքին, և դա զսպում է Միացյալ Նահանգներին՝ արկածախնդիր պատերազմ սկսելուց»,- նշել է Ժնևում ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Թաե Սանգը:

Չնայած այս մոտեցումներին՝ Հարավային Կորեայի նախագահն օրերս հայտարարել էր, որ երկու Կորեաների բանակցություններում գրանցած առաջընթացն օլիմպիական խաղերի նախօրեին լավ հնարավորություն է Վաշինգտոնի և Փհենյանի համար՝ քննարկելու միջուկային հիմնախնդրի հետ կապված հարցերը:

Միացյալ Նահանգներն իր հերթին արձագանքել է Փհենյանի մեղադրանքներին՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման անհրաժեշտությունը:

«Եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է վերադառնալ միջազգային հանրության շարքերը, ապա գիտի, թե ինչ պետք է անել: Այն պետք է քայլեր ձեռնարկի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Սա է հիմնականը: Միջազգային հանրության ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա հզոր է և այն կշարունակվի»,- հայտարարել է ԱՄՆ-ի զինաթափման հարցով հատուկ դեսպան Ռոբերտ Վուդը։

Թերակղզու ապամիջուկայնացման անհրաժեշտությանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

«Մենք ողջունել ենք միջկորեական երկխոսության ընթացքում գրանցած առաջընթացը, սակայն անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը՝ Կորեական թերակղզում խաղաղությանն ու ապամիջուկայնացմանը հասնելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիթսուն:

Հիշեցնենք, որ միջկորեական բանակցությունների արդյունքում Փհենյանը կմասնակցի գալիք օլիմպիական խաղերին, իսկ երկու Կորեաների մարզիկները բացման օրը կքայլեն միասնական թիմով:

Facebook Forum

XS
SM
MD
LG