Մատչելի հղումներ

Facebook սոցիալական ցանցն արձագանքել է համացանցի վերաբերյալ Եվրամիության նոր օրենսդիր նախաձեռնությանը, որն ավելի է կոշտացնում համացանցում մարդկանց անձնական տեղեկության պաշտպանության օրենսդրությունը: Օրենքը ուժի մեջ է մտնում մայիս ամսից:

Սոցիալական ցանցի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգն ասում է, որ ի պատասխան Facebook-ն ավելի դյուրին կդարձնի իր 2 միլիարդ օգտատերերի համար սեփական տեղեկության տնօրինումը:

Անձնական տվյալների պաշտպանության մասին կանոնակարգն իրենից ներկայացնում է ընդունված կանոնների փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին վերահսկելու իրենց մասին տեղեկությունը համացանցում: Այն ընկերությունները, որոնք խախտում են այս օրենսդրությունը, ենթարկվում են խոշոր տույժերի:

Facebook-ի ղեկավարությունը հաղորդել է, որ պատրաստվում է ոչ միայն համապատասխանեցնել իր գործունեությունը կանոնակարգի դրույթներին, այլ անել ավելին:

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ վերահսկեն իրենց տեղեկությունը: Եվրամիությունն ընդունել է համապատասխան չափանիշներ: Մենք աշխարհի տարբեր հատվածներում ստեղծում ենք անձնական տվյալների պաշտպանության կենտրոններ, որոնք կկենտրոնանան այս հարցերի վրա և ավելի մատչելի կդարձնեն մարդկանց համար իրենց տվյալների տնօրինումը»,- նշում է Սանդբերգը:

Հիշեցնենք, որ նախկինում Facebook ընկերությունը եվրոպական մի շարք մարմինների կողմից ենթարկվել է հետաքննության ՝ անձնական տվյալների մասին օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:

Ըստ ընկերության ղեկավարության ներկայացուցչի, այս խնդրի կարգավորման նպատակով Facebook-ն ընդլայնում է համացանցային անվտանգությամբ զբաղվող անձնակազմը՝ մինչև տարվա վերջ այն հասցնելով 20 հազար աշխատակցի:

«Մենք խոշոր ներդրումներ ենք անում արհեստական բանականության զարգացման և տեխնիկական միջոցների մեջ՝ խնդիրներն ավելի արագ բացահայտելու և անհամապատասխան բովանդակությամբ նյութեր հեռացնելու համար: Մենք արդեն ունենք 10 հազար մասնագետներ, ովքեր աշխատում են անվտանգության հարցերի շուրջ: Մինչև տարվա վերջ նրանց թիվը կհասնի 20 հազարի»,- ասում է Սանդբերգը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ընկերությանը մեղադրում էին, որ այն չի հակազդել Ռուսաստանի կողմից ընկերության հարթակը օգտագործելու միջոցով ամերիկյան ընտրություններին ներգրավվելու փորձերին: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքները։

Սանդբերգը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն այժմ աշխատում է տնտեսական կեղծ նորությունների տարածմանը հակազդելու ուղղությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG