Մատչելի հղումներ

Արդյոք արդյունավետ են Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները


Այս տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկ»-ի մասին օրենքի կարևորագույն մասը «կրեմլյան զեկույց»-ն է: Այս կարծիքին է «Բաց Ռուսաստան» հասարակական շարժման փոխնախագահ Վլադիմիր Կարա-Մուրզան:

Ըստ Կարա-Մուրզայի, ռուսական մի շարք գործիչներ չափազանց մտահոգված են, որ իրենց անունները կարող են հայտնվել պատժամիջոցների ցուցակում, ուստի փորձում են միջոցներ ձեռնարկել ՝ դրանից խուսափելու համար: Դա, ըստ հասարակական գործչի, նախկինում ընդունված «Մագնիցկու ցուցակի» նման լուրջ լծակ է ռուս իրավախախտների դեմ պայքարում:

«Շատ կարևոր է, որ ամերիկյան կառավարությունը սկսել է իրերը կոչել իրենց անուններով, և ի վերջո բաց նշում է, որ այսօր Ռուսաստանում իշխանության ղեկին է ոչ թե ժողովրդավարական ուղիով ընտրված կառավարությունը, այլ փաստորեն մաֆիոզ կլանը»,- ասում է Կարա-Մուրզան:

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսն էլ իր հերթին ընդգծում է, որ չնայած պատժամիջոցները չստիպեցին Մոսկվային հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, սակայն Ռուսաստանն ավելի թանկ է վճարում նման վարքագծի համար: Այն, որ Կրեմլն ամեն կերպ փորձում է վերացնել պատժամիջոցները, խոսում է նրա Մոսկվայի համար դրանց ցավագին բնույթի և ռուսական տնտեսության վրա բացասական ազդեցության մասին:

Բացի այդ, ըստ նախկին դեսպանի, Մոսկվան ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն Կիևի նկատմամբ, և Վաշինգտոնի խնդիրն է կանխել այն:

«Եթե Պուտինը ցանկանում է լինել ռևանշիստ առաջնորդ, ապա մեր ուժերում է դժվարացնել նրա գործողությունները»,- ասում է դեսպան Հերբսը:

«Ամերիկյան խորհուրդ» վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի մեկ այլ փորձագետ Սթիվեն Բլանկը ևս կարծում է, որ պատժամիջոցները տալիս են դրական արդյունք:

«Մենք գիտենք, որ պատժամիջոցներն աշխատում են, քանի որ տեսնում ենք, թե որքան ջանքեր է գործադրում Կրեմլը՝ դրանցից ձերբազատվելու համար: Հենց դրա համար էլ եղավ Մոսկվայի ներգրավվումն ամերիկյան ընտրություններին»,- ասում է Բլանկը:

Վերլուծաբանը գտնում է, որ պատժամիջոցներն ավերում են ռուսական տնտեսությունը, իսկ դրանց առկայությունն ընդգծում է Արևմուտքի միասնականությունը, որը չափազանց նյարդայնացնում է Մոսկվային:

Սակայն ռուս մեկնաբան, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը կասկած է հայտնել, որ անձնավորված պատժամիջոցները կնպաստեն Կրեմլի քաղաքականության վերանայմանը: Հակադարձելով Իրանի պատժամիջոցների հետ համեմատականներին՝ Վենեդիկտովն ընդգծել է, որ Իրանում պատժամիջոցները սահմանվել էին տնտեսական ոլորտների վրա, այլ ոչ թե մեծահարուստ գործիչների:

«Չեմ կարծում, որ որևէ պայմանական մեծահարուստ Ռուսաստանում կգնա Պուտինի մոտ և կպնդի, որ վերջինս փոխի քաղաքականությունը: Նա այդ հարցով ուղղակի չի դիմի նախագահին»,- ասում է Վենեդիկտովը:

Ըստ Վենեդիկտովի, սահմանված պատժամիջոցներն ընդամենը կուժեղացնեն Ռուսաստանի մեկուսացումը, որն է՛լ ավելի կկոշտացնի Կրեմլի դիրքորոշումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG