Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը մեղադրել է Իրանին ՄԱԿ-ի բանաձևի խախտման մեջ, ըստ որի՝ Թեհրանը պետք է հրաժարվեր աշխատանքներ տանել բալիստիկ հրթիռների զարգացման ուղղությամբ, որոնք կարող են կրել միջուկային զենք:
Խոսելով Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման շրջանակում՝ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է նաև, որ Եվրամիությունը մտահոգված է Իրանի, ըստ նրա, ապակայունացնող գործողություններով Եմենում, Լիբանանում և Սիրիայում:
«Մենք ընդգծում ենք մեր կոշտ դիրքորոշումը ՄԱԿ-ի 2231 բանաձևի դրոյթներին Իրանի համապատասխանեցման հարցում: Այն սահմանափակում է բալիստիկ հնարավորությունները, որը Իրանը խախտում է: Մենք հնարավորություն ունենք կրկնելու մեր մտահոգությունները և հարցադրումները կապված տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների հետ, անկախ նրանից, թե դրանք Եմենում են, Լիբանանում, թե Սիրիայում», - ասում է Ֆրանսիայի արտգործնախարարը:
ՄԱԿ-ի բանաձևն, ընդունված 2015 թվականին միջուկային համաձայնագրի հետ միաժամանակ, կոչ է անում Իրանին հրաժարվել բալիստիկ հրթիռների զարգացումից, որոնք կարող են գործածվել միջուկային զենք ստանալու համար:
Սակայն մի շարք երկրներ պնդում են, որ բանաձևի կատարումը պարտադիր չէ Իրանի համար՝ ելնելով դրա բովանդակությունից:
Իրանը բազմիցս նշել է, որ իր հրթիռային ծրագիրն ունի զուտ պաշտպանողական բնույթ և միտված չէ միջուկային զենք կրելուն:
Facebook Forum