Քանի դեռ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում մի քանի հարցերի շուրջ գալ համաձայնության, երկրի դաշնային կառավարությունը կանգնում է ժամանակավոր դադարի վտանգի առջեւ։
Չնայած այն հանգամանքին, որ ուրբաթ օրը կեսգիշերից կարող է ժամանակավորապես դադարեցվեն ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները, Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները դեռեւս չեն կարողանում գալ դրանից խուսափելու համար հարցերի շուրջ համաձայնության։
Դեմոկրատները ցանկանում են հաստատել երկրի բյուջեն, որպեսզի կառավարությունը չկանգնի ժամանակավոր դադարի առջեւ։ Հանրապետականները բյուջեի հաստատումը փորձում են կապել սահմանային անվտանգության եւ օրինական ներգաղթի շուրջ բարեփոխումների անցկացման հետ։
Հանրապետականները դեմոկրատներին են ուղարկել բյուջեի մի նախագիծ, որը չի ընդգրկում անչափահաս տարիքում անօրինական եղանակով Ամերիկա ժամանած 7ՕՕ հազար ներգաղթյալներին իրավական պաշտպանվածություն ապահովելու մասին կետ։
Այդ հարցով այսպես կոչված DACA ծրագիրը երկարաձգելու դեմոկրատների ճնշումների տակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդիպում է ունենում Կոնգրեսի լատինամերիկյան հարցերով հանձնախմբի անդամների հետ։
Ինչպես այս հանձնախմբի անդամներից, դեմոկրատ կոնգրեսական Լուիս Գուտիերեսն է ասում, իրենք սպասում էին, որ հանդիպման արդյունքում առաջընթաց կնկատվեր։
՝՝Սակայն դա այսօր տեղի չունեցավ։ Մենք մի քանի անգամ շեշտեցինք, թե որքան խորն է մեր մտահոգությունը այս անձանց ապագայի հարցում։ Ասացինք, որ այդ հարցը մեզ համար սակարկման առարկա չէ։ Սակայն նրանք որեւէ առաջարկով հանդես չեկան՛՛։
Հանդիպումից հետո Քելլին ասել է, թե նախագահն աջակցում է ԴԱԿԱ ծրագիրը, մի քանի անգամ կրկնել նախագահի այն դիրքորոշումը, որ ընդունելի որոշում պիտի կայացվի երկու կուսակցությունների համաձայնությամբ։ Սակայն Քելլին չի տվել որեւէ երաշխիք ու չի ներկայացրել մանրամասնություն։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք էր հաստատվել ԴԱԿԱ ծրագիրը, որը անչափահաս տարիքում անօրինական կարգով Ամերիկա ժամանած ու այստեղ բնակություն հաստատած երիտասարդներին տալիս է այստեղ ժամանակավորապես աշխատելու ու սովորելու իրավունք։ Սակայն Դոնալդ Թրամփն անցյալ տարի հայտարարեց, որ եկող մարտ ամսին կլրանա այդ ժամկետը։ Նա Կոնգրեսին դրել է ԴԱԿԱ-ի շուրջ վերջնական որոշում կայացնելու պարտավորության առջեւ, սակայն ահավասիկ, Կոնգրեսում դեռեւս չեն գալիս համաձայնության։
Facebook Forum