Մատչելի հղումներ

Էրդողանը սպառնում է հարվածել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին


Երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Էրդողանն իր աջակիցների հանրահավաքի ընթացքում հայտնել է, որ թուրքական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է դիմելու գործողությունների: Հայտարարությունը հնչել է որպես սպառնալիք ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորամիավորումների և Միացյալ Նահանգների դեմ:

«Մի կանգնեք մեր և ահաբեկիչների ու մարդասպանների միջև: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք անցանկալի միջադեպերի համար»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանն հայտնել է իր աջակիցներին, որ թուրքական բանակը շրջափակ ման մեջ է առնում սիրիական Իդլիբի շրջանը, որը սահմանակից է Թուրքիային ու վերահսկվում է քրդական զորամիավորումների կողմից, վերջիններիս Անկարան մեղադրում է Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապի մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերին նրանք պատրաստվում են վերացնել ահաբեկչական կառույցներն Աֆրին և Մանբիջ բնակավայրերում, որոնք գտնվում են քրդական ուժերի վերահսկման տակ: Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ այս առումով Թուրքիայի մտահոգություններն անտեսելու համար:

Էրդողանի հայտարարությանը նախորդել էր Սիրիայում սահմանային զորքեր ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունը, որի առնչությամբ Վաշինգտոնը բանակցում է քրդական ուժերի հետ: Թուրքիայի բանակի հրամանատար Հուլուսի Աքարն այս օրերին գտնվում է Բրյուսելում, ուր հանդիպում է ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոսեֆ Դանֆորդի հետ՝ վերոհիշյալ նախաձեռնությունը քննարկելու համար:

Նախկինում Թուրքիան բազմիցս սպառնացել էր Սիրիայում քրդական զորամիավորումներին, սակայն Էրդողանի վերջին սպառնալիքը դիտարկվում է որպես ամենալուրջը: Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ հնարավոր գործողություններին կմասնակցեն նաև Սիրիայի սահմանին տեղակայված ընդդիմադիր զինյալների զորամիավորումները, որոնք գտնվում են Թուրքիայի հովանավորության ներքո:

Քրդական զորամիավորումների աջակցությունը Վաշինգտոնի կողմից խորը ջրբաժան է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը հավաստիացրել էր, որ Թրամփի վարչակազմը խոստացել է դադարեցնել քրդական ուժերի աջակցությունը, սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG