Չնայած Բրյուսելում ընթացող բողոքի ցույցերին ի աջակցություն իրանյան հակառավարական ցույցերի և ընդդեմ Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆի այցի ՝ Եվրամիությունը ջերմորեն ընդունել է արտգործնախարարին և իր աջակցությունը հայտնել միջուկային համաձայնագրին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները չպետք է ազդեն միջուկային համաձայնագրի վրա՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել Իրանի կարողությունները Սիրիայի, Եմենի և տարածաշրջանի այլ հիմնախնդիրների կարգավորման համար:
Իրանի արտգործնախարարի այցը Բրյուսել տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է որոշում կայացնի միջուկային համաձայնագրի արդյունքում վերացված պատժամիջոցների հետագա ճակատագրի մասին:
«Ես սպասում եմ, որ Իրանի նկատմամբ կկիրառվեն նոր պատժամիջոցներ: Մենք շարունակում ենք հետևել նրանց»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին:
Սակայն Եվրամիության ու ԱՄՆ-ի տեսակետները միջուկային համաձայնագրի վերաբերյալ տարբերվում են: Վերլուծաբանների կարծիքով խնդիրնն այն է, որ այն հիմնահարցերը, որոնք մտահոգում են ԱՄՆ-ին, ներառյալ Իրանի ակտիվությունն ու բալիստիկ ծրագիրը, այնքան էլ կարևոր չեն Եվրամիության համար:
Սակայն չնայած այս տարաձայնություններին՝ Իրանի միջուկային ծրագրի ապագան կախված է նախագահ Թրամփի որոշումից, քանի որ խնդիրը կապված է ամերիկյան պատժամիջոցների սահմանման կամ վերացման հետ:
Այս պահին բոլորի հայացքներն ուղղված են դեպի Վաշինգտոն, ուր մոտ օրերս կընդունվի Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ամենակարևոր որոշումներից մեկը:
Facebook Forum