Մատչելի հղումներ

Ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են


Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են եւ հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով: Այս անգամ պատճառը Սիրիայի կառավառական ուժերի գրոհն է Ասադին ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող եւ Թուրքիայի աջակցությունը վայելող Իդլիբի շրջան: Կողմերի միջեւ հակասությունները տեղափոխվել են նաեւ պաշտոնական դաշտ, ասում է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն.

«Մենք հրավիրել ենք Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին եւ փոխանցել անհրաժեշտ նախազգուշացումները. Ռուսաստանի եւ Իրանի հետ մեր պայմանավորվածությունների համաձայն՝ նրանք երաշխավորում էին, որ Սիրիայի վարչակարգը խախտումներից զերծ կմնա»:

Մոսկվայի եւ Թեհրանի կողմից իր պահանջները չկատարելու եւ Սիրիայի կառավարական ուժերի գրոհը չդադարեցնելու դեպքում Անկարան սպառնում է դուրս գալ խաղաղ գործընթացից, իր հետ տանելով նաեւ սիրիական ընդդիմության զգալի մասը, որը Թուրքիայի հովանու ներքո մասնակցում է Սոչիի բանակցություններին:

«Այդ գրոհը պետք է դադարեցվի, քանի որ մենք այժմ պետք է շարունակենք Սոչիի գործընթացը, որի նպատակն է բանակցային սեղանի շուրջ բերել ընդդիմադիր խմբերին եւ վարչակարգի ներկայացուցիչներին», - ասել է Չավուշօղլուն:

Պաշտոնական Մոսկվան Անկարայի հայտարարություններին ի պատասխան նշում է, որ օրերս Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա իրականացված դրոններով գրոհն իրականացվել է հենց սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG