Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը չի տեսնում Մյուլերի հետաքննությանը իր կողմից վկայություն տալու անհրաժեշտությունը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ ընդհանուր մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությանը: Նախագահի կարծիքով, չկա անհրաժեշտություն, որ իրեն հարցաքննեն Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննության շրջանակում:

«Երբ չկան համագործակցության վերաբերյալ փաստեր և անձինք, ովքեր դա արել են, չեմ կարծում, որ կլինի հարցաքննություն»,- ասել է նախագահ Թրամփը:

Փոխարենը Թրամփը մեղադրել է դեմոկրատներին Ռուսաստանի հետ համագործակցության մեջ և հետաքննությունը որակել «վհուկների որս»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մյուլերը, ով գլխավորում է հատուկ հետաքննությունն այս հարցի վերաբերյալ, ցանկություն էր հայտնել դրա շրջանակում հարցաքննել նախագահ Թրամփին: Վերջինս հետաքննությունն անվանել է «դեմոկրատների խաբեություն»:

Այս պահի դրությամբ հետաքննությունը մեղադրանքներ է առաջադրել Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայք Ֆլինին:

Հետաքննության շրջանակում հարցաքննվել են Թրամփի թիմի բազմաթիվ անդամներ ներառյալ նրա փեսա ՋարեդՔուշներն ու նախկին աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը:

Նախագահ Թրամփը նաև քննադատել է Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ սենատոր Դայանա Ֆայնշտայնին, քանի որ վերջինս օրերս հրապարակել էր Fusion GPS ընկերության ղեկավար Գլեն Սիմփսոնի այս խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին տված վկայության սղագրությունը: Ընկերությունն անցկացրել էր հատուկ հետազոտություն նախագահ Թրամփի թիմի ու Ռուսաստանի միջև կապերի մասին, որի արդյունքում պատրաստած զեկույցը փոխանցվել էր Հետաքննությունների դաշնային բյուրո: Հետազոտությունը ֆինանսավորել էին դեմոկրատներն ու Հիլարի Քլինտոնը:

Թրամփը կարծիքով այս գործը դեմոկրատների փորձն է՝ արդարացնելու Քլինթոնի պարտությունը նախագահական ընտրություններում:

Սենատոր Ֆեյնշտեյնի կողմից վերոհիշյալ նյութի հրապարակումը քննադատության է արժանացրել նաև արդարադատության հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Չարլզ Գրասլին, ըստ որի, հրապարակումը վնասում է հանձնաժողովի անաչառ հետաքննությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG