ԱՄՆ-ի օրենսդիրները դեռևս համաձայնության չեն հասել ներգաղթի ոլորտի բարեփոխման շուրջ՝ չնայած նախագահ Թրամփի առաջ քաշած առաջարկություններին:
Հանրապետականների կարծիքով ներգաղթի ոլորտի քննարկումները պետք է ընդգրկեն չորս հիմնական խնդիրներ, որոնք են DACA ծրագիրը, սահմանային անվտանգության համակարգը, գրին քարտի խաղարկությունը և շղթայական ներգաղթը: Դրանք ներառված են հանրապետականների առաջ քաշած ներգաղթի հարցում օրենսդրական նախաձեռնության մեջ:
«Մեր առաջարկած օրինագիծը ուժեղ է և արդար: Այն լրջորեն անդրադառնում է ներգաղթի խնդրին և դժվարացնում անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և հաստատումն այստեղ»,- հայտարարել է հանրապետական Ռոլ Լաբրադորը:
Սակայն դեմոկրատների վերաբերմունքն այս օրենսդրական նախաձեռնության նկատմամբ, որը նախատեսում է սահմանային պատի կառուցման ֆինանսավորում և այսպես կոչված «դրիմերներ»-ի համար երեք տարվա կացության իրավունք առանց գրին քարտի թույլտվության, միանշանակ չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ Կոնգրեսում այս հարցի շուրջ համաձայնության հասնելու ժամկետը մոտենում է ավարտին:
«Մենք չենք կարող սպասել մինչև մարտ ամիս: Պետք է վստահ լինենք, որ նրանք պաշտպանված են օրենքով»,- ասել է դեմոկրատ Սթենի Հոյերը:
Վերլուծաբաների կարծիքով վարչակազմի մոտեցումներն ավելի հստակեցման կարիք ունեն, որը ազդում է նաև հանրապետականների միասնականության վրա:
«Պարզ չէ, թե քաղաքական առումով որքան օգտակար է Թրամփի մոտեցումը: Կարծում եմ, ցանկալի կլիներ, եթե նախագահը հստակ դիրքորոշում հայտներ մեկ հարցի շուրջ, որը կօգներ հանրապետականներին ավելի համախմբվել»,- ասում է Մոլի Ռեյնոլդսը Բրուքինգս հաստատությունից:
Դեմոկրատները ևս պետք է կողմնորոշվեն, թե արդյոք անհրաժեշտ է համաձայնություն կնքել դրիմերների հարցում, թե ոչ: Այլընտրանքը կարող է լինել կառավարության ֆինանսավորման դադարեցումը:
Facebook Forum